Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի գրասենյակի տնօրենը


Հայաստանում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Իթն Գոլդրիչը:

Այսօր ընդունելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին` Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանի կառուցվածքը, ծանոթացրել օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, խորհրդարանի ձեւավորման կարգին, ԱԺ-ում քաղաքական ուժերի ներգրավվածությանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քննարկվել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման գործընթացին, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններին վերաբերող օրենսդրությանը առնչվող հարցեր:

Իթն Գոլդրիչն այցելել է նաեւ Դաշնակցության «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն, որտեղ հանդիպել է կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի եւ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։

Դաշնակցության բյուրոյի մամլո դիվանի հաղորդագրության համաձայն` Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը ներկայացրել են կուսակցության կեցվածքը երկրում տիրող ընկերային-տնտեսական հարցերի եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների եւ Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի կապակցությամբ։

«Դաշնակցության ներկայացուցիչները շեշտեցին, որ տարածաշրջանում տեւական կայունության ձեռք բերման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստան - Թուրքիա հարաբերությունները իսկապես լինեն առանց Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների, իսկ Ղարաբաղի հիմնահարցում՝ միջազգային համայնքը չպետք է անարձագանք թողնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG