Մատչելիության հղումներ

Մինսկ է ժամանում Իտալիայի վարչապետը


Սիլվիո Բերլուսկոնի
Սիլվիո Բերլուսկոնի

Երկուշաբթի օրը Մինսկ կժամանի Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին` այսպիսով վերջին մեկեւկես տասնամյակի ընթացքում դառնալով Եվրամիության առաջին ղեկավարը, ով այցելում է Բելառուս:

Եվրոպական միությունը երկրում ընդդիմության նկատմամբ բանեցված ճնշումների, ժողովրդավարական ինստիտուտների բացակայության հետեւանքով տարիներ շարունակ Բելառուսի հետ խզել է իր կապերը, ինչն էլ հիմք է դարձել նաեւ Միության անդամ պետությունների ղեկավարների համար` չայցելելու այս երկիր:

Թե ինչու է Բերլուսկոնին այդ քայլին դիմում` իբրեւ պաշտոնական ձեւակերպում նման միտք է արտահայտվել` «նա պատասխան այցով է Մինսկ մեկնում», ինչպես ընդունված է միջազգային դիվանագիտության նորմերով. այս տարվա ապրիլին Հռոմում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բայց, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ Սիլվիո Բերլուսկոնին Մինսկ է մեկնում այնպիսի մի ժամանակահատվածում, երբ պաշտոնական Բրյուսելն ու Մինսկը բավական լարված հարաբերություններ ունեն, չի կարող չզարմացնել, կարծիք են հայտնում փորձագետները:

Սակայն նրանք նաեւ չեն անտեսում այն հանգամանքը, որ Եվրամիությունը դեռեւս հետաքրքրված է պաշտոնական Մինսկի հետ հարաբերություններ հաստատելու հարցում` վերջինի պակաս ռեպրեսիվ լինելու դիմաց:

Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Անվտանգության հարցերի բաժնի վարիչի տեղակալ Ժան Պիեր Դարնիսի կարծիքով` «Իտալիան երկրների միջեւ խնդրահարույց հարաբերությունների վերականգնման միջնորդության երկարամյա փորձառություն ունի»: Նրա խոսքերով` «Բերլուսկոնիի այցը կարող է տեղավորվել այս շրջանակներում»:

Իտալիան ԱՄՆ-ի դաշնակիցն է` ՆԱՏՕ-ի միջոցով, նաեւ` Եվրամիության հիմնադիր անդամներից է, եւ այս փաստը, փորձագետի գնահատմամբ, հնարավորություն տալիս է Իտալիայի ղեկավարությանը չնախատեսված այցեր կատարել անգամ Բելառուսի նման երկրներ:

Փորձագետները համոզված են, որ Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման հարցը չի կարող շրջանցվել այցի ընթացքում:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակից Յան Մաքսիմյուկի գնահատմամբ, սակայն, Իտալիայի վարչապետը կարող է իրեն թույլ տալ այցելել Բելառուս նաեւ մեկ այլ պատճառով. - «Նա էքստրավագանտ քաղաքական գործիչ է. անում է մի քայլ, որից շատ զգուշավոր քաղաքական գործիչներ կխուսափեին: Եթե որեւէ զգալի արդյունք հնարավոր չլինի գրանցել, Բրյուսելում պաշտոնյաները կարող են արդարանալ` «դա Բերլուսկոնին էր»:

Մաքսիմյուկը Բերլուսկոնիին բնորոշում է իբրեւ «Լուկաշենկոյին այցելելու համար ընտրված լավագույն թեկնածու». - «Բրյուսելում կասեն` մենք նրա քայլերի համար պատասխանատու չենք: Իսկ եթե լինի արդյունք` Բերլուսկոնին այդ այցը կարող է իբրեւ հաջողված ներկայացնել»:

Իտալիայի վարչապետը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սակայն, առավել շատ ոչ թե իր քաղաքական գործունեության համար է հայտնվում, այլ` անձնական կյանքում տեղի ունեցող սկանդալների:

Բերլուսկոնին նաեւ մեդիամագնատ է. Իտալիայում նրան է պատկանում հեռուստատեսությունների եւ տպագիր մամուլի կեսը: Ըստ լուրերի` Իտալիայի վարչապետը բավական սերտորեն կապված է նաեւ երկրի էներգետիկ ENI ընկերության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG