Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 28-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է ուրբաթ օրվա պատմական մարզական հաջողությունը. - «Նազիկ Ավդալյանը դարձավ բոլոր մարզաձեւերից անկախ Հայաստանի պատմության մեջ հոբելյանական՝ 10-րդ աշխարհի չեմպիոնը։ Սակայն Ավդալյանի հաղթանակը մրցաշարին ուղիղ եթերով հետեւողների համար դաժանաբար փչացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ով հայ մարզուհու հաղթանակից հետո ուղիղ եթերում բղավեց՝ «պարոն Ծառուկյան, էս՝ ծնունդիդ նվեր»։ Հենց այս մարդու օրինակը, պահվածքը ուղղակիորեն բնորոշում է մեր սպորտի, նաեւ՝ երկրի ներկա վիճակի ողջ «հմայքը»։ Մարզական հաջողությունները նրանք վերագրում են ոչ թե երկրին, այլ կոնկրետ մարդկանց, ումից կախված են եւ ումից վախենում են։ Ոմանց համար «պարոն Ծառուկյանը» Հայաստանից ավելի բարձր է։ Սա ստրուկի, ամեոբայի հոգեբանություն է, ու հենց այս մարդկանց տիպն է մեր երկիրը քայքայում, կանգնեցնում առաջընթացը, Հայաստանը նետում միջնադարյան, խանական կարգեր։ Ամեն դեպքում, «պարոն Ծառուկյանի նվերը» ստրուկների վզին թող մնա, իսկ Նազիկ Ավդալյանի հաղթանակը Հայաստանի ու հայաստանցիների հաղթանակն է, որի համար անչափ ուրախ ու հպարտ ենք»։

«Կապիտալ»-ը զրուցել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Այսօր իշխանափոխության հավանականություն կամ հնարավորություն Դուք տեսնո՞ւմ եք»։ Պատասխան. - «Իշխանափոխության համար պետք է լինեն ներքին կամ արտաքին քաղաքական լուրջ պատճառներ։ Իշխանափոխության նման հիմքեր այսօր Հայաստանի Հանրապետությունում չկան։ Իշխանափոխությունը հենց այնպես, օդից չի ընկնում։ Դրա համար պետք են որոշակի նախադրյալներ։ Իհարկե, կան թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական խնդիրներ, իհարկե, ֆինանսատնտեսական ճգնաժամը երկրին լուրջ մարտահրավերների առջեւ կանգնեցրեց, սակայն բոլոր այս խնդիրները հաղթահարելի են, եթե կա երկիրն ավելի բարգավաճ ու բարեկեցիկ տեսնելու միասնական կամք եւ միասնական ձգտում»։

«Հայք»-ը տեղեկացնում է, որ երեկ Կարեն Դեմիրճյանի թանգարանում պետական գործչի՝ հանդիսավոր պայմաններում բացված հարթաքանդակի մոտ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել։ Նա ասել է. - «Ոչ ոք դեռեւս չի գնահատել, թե ինչու 1988 թվականի մայիսի 21-ին (եթե չեմ սխալվում), Կարեն Դեմիրճյանին պաշտոնանկ արեցին։ Կարեն Դեմիրճյանը պաշտոնանկ արվեց բացառապես մեկ պատճառով. նա չճզմեց Ղարաբաղյան շարժումը, չգնդակահարեց սեփական ժողովրդին։ Մի բան, որ Գորբաչովը չէր կարող նրան ներել, այլ պատճառ գոյություն չուներ։ Ինձ համար, սա թերեւս Կարեն Դեմիրճյանի կենսագրության ամենապատմական էջերից, գուցեեւ ամենակարեւոր էջերից մեկն է։ Ժողովրդի ղեկավարը, որը չգնաց իր ժողովրդի դեմ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը մարտի 1-ին սառնասրտորեն գնդակահարեց սեփական ժողովրդին, ինչպես այսօր սաֆարիում գնդակահարում է փղերին եւ ռնգեղջյուրներին»։

«Հայոց աշխարհ»-ը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին հարցնում է. - «Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ հենց այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը»։ Պատասխան. - «Փորձեմ խնդիրը մի փոքր այլ տեսանկյունից ներկայացնել։ Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրված են եւ վաղը կվավերացվեն՝ համոզված եմ, որ դա տեղի կունենա մինչեւ գարուն։ Թուրքերի հետ հարաբերությունների հաստատմամբ տարածաշրջանում հարաբերությունները խիստ քաղաքականացվելու են, եւ Հանրապետականը պետք է իրեն վստահ զգա այդ հարաբերություններում՝ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով։ Ունենալ առանձին գործող անկուսակցական վարչապետ՝ կնշանակեր խնդիրներ ստեղծել այդ դաշտում»։

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնել. - «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Բջջային հեռուստատեսություն» նախագծով վերահեռարձակելու համար հեռուստաընկերություններից պահանջում է, որ նրանք ունենան հեռարձակման արտոնագիր։ Նույնը կարելի է ասել նաեւ մալուխային հեռուստաընկերության դեպքում։ Եթե նրանք հիմա դիմեն մեզ մեր տեսանորությունները վերահեռարձակելու համար՝ պիտի մեզնի՞ց պահանջեն հեռարձակման արտոնագիրը։ Վերջապես այս հարցերի վերաբերյալ պետք է հստակություն լինի։ Մինչդեռ Գրիգոր Ամալյանին ձեռնտու է այս վիճակը՝ շառից-փորձանքից, գլխացավից հեռու։ Գլխացավը, տվյալ դեպքում, մենք ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG