Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ողջունում է Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված առաջխաղացումը


Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ հարեւանության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներ
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ հարեւանության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներ

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ հարեւանության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, ով առաջիկայում ազատելու է պաշտոնը, ադրբեջանականTrend գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղի հարցում բոլոր կողմերը պարտավոր են առավել ջանքեր գործադրել դեռ չլուծված հարցերը համաձայնեցնելու համար։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Եվրամիության արտաքին գործերի նախարարի պաշտոնի սահմանումը կակտիվացնի Եվրամիության դերը գործընկեր-երկրների տարածքներում առկա կոնֆլիկտների կարգավորման հարցում, Բենիտա Ֆերերո-Վալդներն ասել է, որ Եվրամիությունը միշտ էլ ձգտել է նպաստել ղարաբաղյան հարցի լուծմանը։

«Նախ՝ Եվրամիությունը ողջունում է Մինսկի խմբի շրջանակներում այս տարվա ընթացքում ձեռք բերված առաջխաղացումը։ Մենք բոլոր շահագրգիռ կողմերին հորդորում ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ շարունակել աշխատանքը կոնֆլիկտի լուծումը գտնելու ուղղությամբ», - ասել է հանձնակատարն ու ավելացրել. - «Այս հակամարտությունը, դժբախտաբար, շատ մեծ թվով մարդկանց կյանք է խլել, ահռելի թվով անմեղ մարդիկ տառապանքներ է կրել»։

Բենիտա Ֆերերո-Վալդների խոսքերով, Եվրոպական Միությունը միշտ ձգտել է ներդրում ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում, մասնավորապես, առաջարկելով կողմերի միջեւ վստահության վերականգմանն ուղղված միջոցներ։

«Մենք հուսով ենք, որ մեր ջանքերն ընդունելի կլինեն երկու կողմի համար, սակայն հիմա վաղ է խոսել այն մասին, թե արդյո՞ք Եվրամիությունը ապագայում կկարողանա ավելի նշանակալից դեր կատարել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում», - ասել է հանձնակատարը։

Trend-ի թղթակիցը նաեւ արծարծել է հայ-թուրքական երկխոսության թեման։ Վկայակոչելով արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, ով ասել է, թե, հայկական կողմը վերջին շրջանում ոչ կառուցողական դիրքորոշում է դրսեւորում, թղթակիցը հարց է տվել, թե «հնարավո՞ր է արդյոք, որ դա կապված լինի հայ-թուրքական մերձեցման հետ»։

Պատասխանելով այդ հարցին, հանձնակատարը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ընդունելի կլինի միայն այն որոշումը, որի շուրջ համաձայնության կգան բոլոր կողմերը։

«Մենք հուսով ենք, որ հայ-թուրքական մերձեցումը դրական ազդեցություն կգործի ամբողջ տարածաշրջանի քաղաքական զարգացումների վրա», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ հարեւանության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG