Մատչելիության հղումներ

Ռոբեր Գեդիկյանի «Ոճրագործների բանակը» ֆիլմ է բռնապետության դեմ առհասարակ


«Ոճրագործների բանակը» ֆիլմի ստեղծագործական խմբի ասուլիսը Երեւանում, կենտրոնում` Ռոբեր Գեդիկյան, 27 նոյեմբերի, 2009
«Ոճրագործների բանակը» ֆիլմի ստեղծագործական խմբի ասուլիսը Երեւանում, կենտրոնում` Ռոբեր Գեդիկյան, 27 նոյեմբերի, 2009

Կիրակի օրը` նոյեմբերի 29-ին, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Ոճրագործների բանակը» ֆիլմը` նվիրված Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում Միսաք Մանուշյանի կողմից ձեւավորված Դիմադրության պայքարին, կամ ինչպես Գեդիկյանն ասաց ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` «սա մի ֆիլմ է բռնապետության դեմ առհասարակ»:

Հայաստանում ֆիլմի առաջին ցուցադրության համար ընտրվել է հենց նոյեմբերի 29-ը, քանի որ այն Հայաստանի խորհրդայնացման օրն է:

Ֆիլմը պատմում է տարբեր երկրների բռնապետական իշխանություններից փախած, ազատության շունչը վայելելու համար Ֆրանսիայում հանգրվանած մի խումբ երիտասարդների մասին, որոնք հայտնվում են գերմանական ֆաշիստական բռնապետության ներքո եւ սկսում Դիմադրության շարժումը ֆրանսիացիների հետ միասին: Նրանք բոլորն էլ, հետագայում ընկնելով ֆաշիստների ձեռքը, գնդակահարվում են, իսկ նրանց նկարները` որպես օտարերկրյա ոճրագործների, կարմիր պաստառների վրա փակցվում են ամենուրեք, այդ իսկ պատճառով ֆիլմը կոչվում է «Ոճրագործների բանակը»:

Ռոբեր Գեդիկյանը շեշտեց, որ այս խմբի հրամանատար Միսաք Մանուշյանի` գնդակահարությունից մի քանի ժամ առաջ կնոջը` Մելինե Մանուշյանին գրած նամակը, որը համաշխարհային պատմության մեջ ամենագեղեցիկ սիրային նամակներից մեկն է, ավարտվում է հետեւյալ նախադասությամբ. - «Ես ուղղակի մի բան գիտեմ, որ ոչ մի ատելություն չունեմ գերմանացի ժողովրդի նկատմամբ»:

Միսաք Մանուշյանի այս մեծ հումանիզմն է հենց առիթ դարձել ֆիլմը նկարահանելու` պայքար ոչ թե որեւէ ժողովրդի, այլ բռնապետության դեմ, համամարդկային արժեքների պահպանման համար, ընդգծեց Ռոբեր Գեդիկյանը: Նա դրական պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հերոսի հայազգի լինելն էլ է դեր խաղացել ֆիլմի նկարահանման համար, սակայն հավելեց, որ իր մայրը գերմանուհի է: «Եվ այդ վերջին նախադասությունը` որ ատելություն չկա գերմանացի ժողովրդի նկատմամբ, ինձ համար ավելի կարեւոր է այդ պահը», - ասաց ֆրանսահայ ռեժիսորը:

Միսաք Մանուշյանի դերում նկարահանվել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը, որը Երեւան կժամանի շաբաթ օրը միայն, իսկ Մելինեի դերում` ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Վիրժինի Բեդուայենը:

Այս Ֆիլմում, որը արդեն ցուցադրվել է Կաննի փառատոնի ոչ մրցութային ծրագրում եւ ներկայումս ցուցադրվում է եվրոպական մի շարք երկրներում, կերպարանավորված են նաեւ Շառլ Ազնավուրի ծնողները` Միշա եւ Քնար Ազնավուրյանները, որոնց միջոցով է Միսաք Մանուշյանը ծանոթացել Մելինեի հետ: Միշա Ազնավուրյանի դերը մարմնավորել է ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Սերժ Ավետիքյանը, ով նույնպես այս օրերին Երեւանում է ֆիլմի ստեղծագործական խմբի հետ միասին:

Հայ - թուրքական արձանագրությունների եւ սահմանի հնարավոր բացման թեմային անդրադառնալով` Ռոբեր Գեդիկյանի կարծիք հայտնեց, որ առհասարակ սահմանները պիտի բաց լինեն: Շեշտելով, որ ինքը շատ լուրջ է վերաբերվում ցեղասպանության ճանաչմանը, ֆրանսահայ ռեժիսորը հավելեց. - «Ես կարծում եմ, որ սահմանների բացումը արագացնելու է ցեղասպանության ճանաչման գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG