Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի իշխանությունները բռնագրավել են Շիրին Էբադիի Նոբելյան մրցանակը


Շիրին Էբադին ելույթ է ունենում Իրանի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ Բրյուսելում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ, 24 հունիսի, 2009

Շիրին Էբադին ելույթ է ունենում Իրանի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ Բրյուսելում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ, 24 հունիսի, 2009

Իրանի իշխանությունները բռնագրվել են իրավապաշտպան Շիրին Էբադիի Խաղաղության Նոբելյան մրցանակը: Էբադին հայտնել է, որ մրցանակի մեդալն ու դիպլոմը իշխանությունները մոտավորապես երեք շաբաթ առաջ առգրավել են բանկի պահատեղից:

Նոբելյան կոմիտեն դատապարտել է կատարվածը` ընդգծելով, որ մրցանակակրի ոսկե մեդալի առգրավումը առաջին դեպքն է մրցանակաբաշխության 108-ամյա պատմության մեջ:

Նոբելյան նորվեգական կոմիտեի մշտական քարտուղար Գեիր Լունդեստադը ասել է, թե Իրանի իշխանությունների արարքը աննախադեպ է եւ անընդունելի:

Նորվեգիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ցնցված է կատարվածով, եւ որ ոչ մի երկրի իշխանություն այդպիսի քայլ չի կատարել:

Բողոքի նոտա փոխանցելու համար Նորվեգիայի արտգործնախարարություն է հրավիրվել Իրանի ժամանակավոր հավատարմատարը:

Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնում է Նորվեգիան: Շիրին Էբադին մրցանակը ստացել է 2003 թվականին:

Պաշտոնական Թեհրանից որեւէ պարզաբանում չկա:

Շիրին Էբադիի փաստաբանը «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է, թե Նոբելյան մրցանակի մեդալը բռնագրավվել է Իրանի Իսլամական հեղափոխության դատարանի որոշմամբ, որը, սակայն, իրեն չեն տրամադրում:

Այս տարի Շիրին Էբադին քննադատում էր Իրանի վիճելի նախագահական ընտրությունները եւ ընտրություններից հետո ցուցարարների դեմ իշխանությունների գործողությունները, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ զոհվեցին:

Իրանի իշխանությունները սառեցրել են նաեւ իրավապաշտպանի բանկային հաշիվը: Շիրին Էբադիի գլխավորած մարդու իրավունքների հիմադրամի անդամ Մոհամադ Ալի Դադխան, անօրինական համարելով այս գործողությունները, ասել է, որ այդ հաշվին դրված մրցանակի գումարներով օգնություն էր ցուցաբերվում խղճի դատապարտյալներին ու նրանց ընտանիքներին:

Շիրին Էբադին Իրանից հեռացել է հունիսին անցկացված նախագահական ընտրությունների նախաշեմին: Նա ասել է, թե Իրան կվերադառնա այն ժամանակ, երբ դա օգտակար կլինի երկրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG