Մատչելիության հղումներ

«Միսս արաբական աշխարհ - 2009» մրցույթի հաղթողը հեռու է գեղեցկության` աշխարհում ընդունված չափանիշներից


Վերջերս Երուսաղեմում անցկացված «Միսս արաբական աշխարհ - 2009» գեղեցկության մրցույթում հաղթող է դարձել Սաուդյան Արաբիան ներկայացնող Մովադդա Նոուրը, տեղեկացնում է իտալական Corriere della Sera պարբերականը:

Արաբական գեղեցկուհին հեռու է գեղեցկության մրցույթում հաղթողի` աշխարհում ընդունված չափանիշներից. նա 90 կիլոգրամ է կշռում: Բայց մրցույթի կազմակերպիչները հենց նրան են խորհուրդ տվել համարել «արաբական գեղեցկության էտալոնը»:

Արաբ գեղեցկուհին հեռու է լողազգեստներ, կարճ շրջազգեստ կրելուց. նա կրոնական արժեքների մոլի հետեւորդ է` երբեք չի բաժանվում մահմեդական իր գլխաշորից: Անգամ լրագրերի առաջին էջերին հայտնվելու համար նա պայման է դրել` պետք է նկարահանվի գլխաշորով:

Ինչպես իտալական պարբերականն է գրել, «նա անգամ անհաղոդ է եղել կոսմետիկ միջոցներին. այդ մրցույթի ժամանակ են առաջին անգամ նրա դեմքին հարդարանքի պարագաներ դիպել»:

Արաբ գեղեցկուհուն նորաձեւությունը, պճնանքի առարկաները, ֆիլմերի հերոսներն ու հերոսուհիները նույնպես չեն հետաքրքրում: Ինչպես ինքն է ասել, մի ցանկություն ունի` ամուսնանալ եւ երեխաներ ունենալ:

Չնայած արդեն մոտ երկու շաբաթ է անցել գեղեցկության այս մրցույթի անցկացումից, սակայն արաբական աշխարհում թեմայի շուրջ քննարկումները չեն դադարում, մարդիկ սկսել են այդ մրցույթը քննարկել անգամ ֆորումներում:

Քննարկումներին մասնակից կանանց կարծիքները խիստ տարբեր են: Ոմանք գնահատում են նրա գեղեցկությունը, ընտրած կենսաձեւը, այլոց համար էլ` դա ընդհանրապես քննարկման թեմա չէ:

Մասնավորապես, նման տեսակետ է հնչել. - «Նա իսկապես հեռու է գեղեցկության ընդունված չափանիշներից, նա կին է, որին մայրերը կցանկանային իրենց որդու կինը տեսնել: Սակայն ամեն մի տղա չէ, որ կցանկանար նման կնոջ տեսնել իր կողքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG