Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի օրը շարունակեց դատավարությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ցուցմունք չտվեց այսօր, քանի որ պատշաճ ձեւով նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Չնայած Փաշինյանի փաստաբանների փորձերին ու միջնորդություններին՝ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվել էր համակարգիչ տրամադրել Փաշինյանին՝ մինչեւ դատը նախապատրաստվելու համար։ Արգելել են նաեւ փաստաբաններին իրենց պաշտպանյալի հետ տեսակցության ժամանակ համակարգիչով մտնել բանտախուց: Ուստի Փաշինյանը եւ նրա շահերի պաշտպանները միջնորդեցին հետաձգել ցուցմունքը եւ անցնել քրեական գործի նյութերի հրապարակմանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մինչ դատարանում հրապարակվում էին 15 հատոր ծավալով քրեական գործի նյութերը նախաքննության մարմնի, ոստիկանության և ազգային անվտանգության պաշտոնյաների, գլխավոր դատախազի որոշումները, գրություններն ու ցուցումները, շենքից դուրս հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիներ` Նիկոլ Փաշինյանի լուսանկարի դիմակներով, ակցիա էին անցկացնում ու վանկարկում էին՝ «Ազատություն Նիկոլին», «1+1+1»: Խաղաղ ակցիայի ընթացքում որեւէ միջադեպ տեղի չունեցավ։

Քրեական գործում առկա նյութերի հրապարակումը շարունակվելու հաջորդ` դեկտեմբերի 2-ին կայանալիք դատական նիստում:

Նոյեմբերի 26-ին լրացավ թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովում պատգամավորության առաջադրված թեկնածուների անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Դեկտեմբերի 1-6-ը կատարվելու է թեկնածուների գրանցումը: Դեկտեմբերի 7-ից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը:

Փաշինյանի շահերի պաշտպանների համոզմամբ որեւէ խոչընդոտ չի կարող լինել իրենց պաշտպանյալին գրանցելու հարցում:: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի փաստաբան Լուսինե Սահակյանը, մասնավորապես, ասաց. - «Այդ պարագայում միջնորդելու ենք, որպեսզի նա իր քարոզարշավը իրականացնի արդյունավետ, եւ բացի դրանից, արդեն նա ունենալու է լրիվ այլ կարգավիճակ՝ պատգամավորության թեկնածուի կարգավիճակ, որը իրենից որոշակի անձեռնմխելիություն է նախատեսում»։
XS
SM
MD
LG