Մատչելիության հղումներ

logo-print

Ծառայողական քննություն՝ ցմահ դատապարտվածների խցում արված լուսանկարի առնչությամբ


Հայաստան -- «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը (աջից) բանտում, 5-ը հոկտեմբերի, 2009թ. Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»

Հայաստան -- «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը (աջից) բանտում, 5-ը հոկտեմբերի, 2009թ. Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»

«Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի լուսանկարը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկվածներ Դերենիկ Բեջանյանի ու Էդիկ Գրիգորյանի, ինչպես նաեւ «Դրոյի» գործով ցմահ ազատազրկված Արսեն Արծրունու հետ, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննության առիթ է դարձել։

«Մամուլում հրապարակված լուսանկարի եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման ռեժիմի խախտմանը վերաբերող տեղեկատվության հիման վրա Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն», - այս մասին հաղորդում է արդարադատության նախարարության` հինգշաբթի տարածած հաղորդագրությունը:

Հիշյալ լուսանկարը հրապարակվել էր նոյեմբերի 26-ի «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում։

Հայաստանի հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լուսանկարի մասին այսօր «Ա1+»-ին ասել է. - «Կարող եմ ամենավատ խոսքերով ասել, բայց մի քիչ մեղմ ասած` այլանդակություն է, եւ պետական անվտանգության խնդիր է առաջացնում»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված ոճրախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն ՝ գնդակահարելով 8 պետական գործիչների։

Գալուստ Սահակյանը հարկ է համարել նշել, որ չի հավատում «Հայկական ժամանակ»-ին. - «Մտածում եմ, որ կարող է պրովոկացիա լինի, իսկ եթե դա իրողություն է, ապա շատ մերժողական եմ տրամադրված եւ բացի դրանից, եւս մեկ անգամ վրեժի ցասում բարձրացավ մոտս»։

«Սովորական նկար է։ Գնացել եմ օրինավոր այցելության եւ լուսանկարվել եմ դատապարտյալների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, լուսանկարի իսկությունը հաստատելով, ասաց «Ազատամտություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը:

Արտյոմ Խաչատրյանը փոխանցեց, որ հոկտեմբերի 5-ին իր թերթի աշխատակցի ուղեկցությամբ այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալների 94-րդ խուց, որտեղ պատիժը նույն խցում կրում են երեք դապարտյալները:

Այն դիտարկմանը, թե սա փաստորեն խմբակային տեսակցություն է դատապարտյալների խցում, ինչը Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում,Խաչատրյանն արձագանքեց. - «Երեքը մի կամերայում են։ Որ ամեն մեկին առանձին չկանչեն ինչ-որ մի տեղ տեսնելու՝ ժամանակի էկոնոմիայի համար, մենք խնդրեցինք, որ մեզ թույլ տան մենք բոլորս այցելենք նրանց բոլորին միաժամանակ նրանց խցում։ Այսքան բան»։

Արտյոմ Խաչատրյանը, ում խմբագրած «Ազատամտություն» թերթը հաճախ է հանդես գալիս հակասական գնահատականներով եւ առավելապես հայտնի է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հասցեին արվող սուր քննադատությամբ, ոչ միայն արտառոց բան չի տեսնում հրապարակված նկարում։ Ավելին` ընդգծում է, որ երեք դատապարտյալների հետ էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ է:

«Ես չեմ թաքցնում իմ ընկերական ջերմ հարաբերությունները։ Դա իմ իրավունքն է, եւ նրանց իրավունքն է։ Հիմա որքանո՞վ են նրանք մեղավոր, կամ հանցավոր, թող ուրիշները որոշեն։ Ես դատարան չեմ», - ասաց Խաչատրյանը։

Արտյոմ Խաչատրյանը նաեւ ասաց, որ նկարը իր սենյակից գողացել են եւ փոխանցել են «Հայկական ժամանակ» օրաթերթին. - «Գիտեմ ով է գողացել եւ տվել է դրանց»։

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ նշանակված ծառայողական քննությունը ենթադրում է տեղեկատվության ամբողջական ուսումնասիրում եւ մեղավորների առկայության դեպքում` պատասխանատվության ենթարկում: Ծառայողական քննությունը, ըստ Լանա Մշեցյանի, ցույց կտա՝ խախտում կա՞, թե չկա։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG