Մատչելիության հղումներ

logo-print

Օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում կրճատվել են մոտ 40 տոկոսով


Այս տարվա առաջին վեց ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում կրճատվել են մոտ 40 տոկոսով` կազմելով շուրջ 312 միլիոն դոլար։

Ազգային վիճակագրական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այս թիվը իր մեջ չի ներառում բանկային համակարգում կատարված ներդրումները։

Ամենամեծ անկումը վերաբերում է ռուսական ներդրումներին` դրանք նվազել են ավելի քան երեք անգամ` կազմելով մոտ 100 միլիոն դոլար։

HSBC Բանկ Հայաստան դրամատան գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը, մեկնաբանելով օտարերկրյա ներդրումների անկման ցուցանիշները, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մատնանշեց համաշխարհային տնտեսական պատճառները, սակայն ավելացրեց. - «Դեռ կան որոշակի խնդիրներ Հայաստանում, որոնք, թերեւս, պետք է լուծվեն, եւ որոնք Հայաստանի [ներդրումային] իմիջը դարձնում են ոչ այնքան լավ, որքան պետք է լիներ։ Ես կասեի, որ բարելավումները մաքսային ու հարկային ոլորտներում այն թիվ մեկ հարցն են, որի լուծումը տեղական կամ օտար բիզնեսները կցանկանան տեսնել։ Երկրորդ խնդիրը` տրանսպորտային ծախսերի նվազեցումն է։ Կարծում եմ Թուրքիայի հետ սահմանի բացումը կունենա շատ դրական ազդեցություն»։

Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական քաղաքականության եւ ռազմավարության մշակման վարչության պետ Արտակ Բաղդասարյանի գնահատականով, մինչեւ 5 տարի ժամանակահատվածում Հայաստանը կկարողանա վերականգնել օտարերկրյա ներդրումների մինչ-ճգնաժամային ակտիվությունը։

Հինգշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաղդասարյանը, մասնավորապես, ասաց. - «Մենք թիրախավորում ենք, որ միջնաժամկետում պետք է կարողանանք լիարժեք ձեւավորել այն ենթակառուցվածքը, որը արդեն կգրավի շատ օտարերկրյա ներդրողների եւ նրանց համար այստեղ շահավետ բիզնես անելու հնարավորություն կտա»։

EV Consulting բիզնես-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանի կարծիքով, հատկապես կարեւոր է Հայաստանում ներդրումների համար նոր ոլորտների ստեղծման անհրաժեշտությունը։ Ըստ նրա, հայաստանյան այն ավանդական ոլորտները, որոնք անցած մի քանի տարիներին միշտ կլանել են խոշորածավալ ներդրումներ` կապի ոլորտը, էներգետիկ սեկտորը, հանքարդյունաբերությունը, շինարարությունը, անկախ ճգնաժամից այլեւս հագեցած են, ու առաջիկայում կառավարությունը ուղղակի պարտավոր է դիվեսիֆիկացնել տնտեսությունը եւ ներդրումների համար հասունացնել նոր ոլորտներ։

«Այլապես տնտեսությունը կմնա այսօրվա վիճակում, կամ դրանից ավելի վատ։ Դա պետք է արվի, որպեսզի կարողանանք աճ ապահովել», - զգուշացնում է փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG