Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովում արձանագրությունների քննարկումը «կախված է Ադրբեջանից»


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը, Ցյուրիխ, 10 հոկտեմբերի, 2009

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը, Ցյուրիխ, 10 հոկտեմբերի, 2009

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայ - թուրքական արձանագրությունների քննարկումը կախված է Ադրբեջանից: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը ասել է հանձնաժողովի նախագահ Մեթին Յըլմազը` հավելելով, թե դրանք չեն քննարկվի հանձնաժողովում, եթե Ադրբեջանը ինչ-որ բանից դժգոհ լինի:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստին ներկայացնելու համար, արձանագրությունները նախ պետք է քննարկվեն տվյալ հանձնաժողովում: Յըլմազը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է:

Նրա փոխանցմամբ` Թուրքիայի նախագահն ու վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ մշտական կապի մեջ են: «Եթե Իլհամ Ալիեւն ասի, որ գործերը հասել են որոշակի կետի [խոսքը Ղարաբաղյան բանակցությունների մասին է], խնդիրները սկսում են լուծվել եւ հասունացել է ժամանակը, որ մենք էլ որոշ քայլեր անենք, այդ ժամանակ էլ մենք այդ արձանագրությունները կմտցնենք հանձնաժողովի օրակարգ», - հավաստիացրել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Մեթին Յըլմազը հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Թուրքիայի արտգործնախարարի հետ, քննարկել են նաեւ Ադրբեջանի գործընկերների հետ, եւ, նրա հավաստմամբ, արձանագրությունների հետ կապված ոչ մի քայլ չեն անի մինչեւ Ադրբեջանին գոհացնող փուլին հասնելը:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Ադրբեջանի արձագանքը շատ ավելի կոշտ կլինի, եթե Թուրքիան վավերացնի Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունները:

Միջազգային հարաբերությունների ամերիկացի փորձագետ Մենկոֆն էլ հնարավոր է համարում, որ հայ - թուրքական սահմանը բացվի մինչեւ Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Ըստ նրա` սահմանի բացումը օգտակար կլինի նաեւ Թուրքիայի համար եւ պաշտոնական Անկարային հնարավորություն կտա մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ կուժեղացնի Թուրքիայի դիրքերը Եվրամիությանը անդամակցության հարցով բանակցություններում:

Շաբաթասկզբին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահները քննարկել էին նաեւ արձանագրությունները ողջամիտ ժամկետներում վավերացնելու հարցը:

Հայաստանում երկրի նախագահը արձանագրությունները ներկայացրել է Սահմանադրական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG