Մատչելիության հղումներ

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին կվերականգնվի


Թբիլիսիի փլուզված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին, ընդունված որոշման համաձայն, մեկ տարվա ընթացքում կվերականգնվի, իսկ Ջավախքի խնդիրները Վրաստանի իշխանության ուշադրության կենտրոնում են: Այդ մասին հայտնել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեն Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը բարձրացրել է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցապատկան հողերի եւ Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցը:

Կողմերը համակարծիք են եղել, որ հայ - վրացական հարաբերությունները խարսխված են բարեկամական հիմքերի վրա, եւ որ երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների միջոցով:
Կարեւորվել է Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության խորացումը:

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին փլուզվել է մոտ մեկ շաբաթ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG