Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հենվում է «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` համաձայնեցված չէ ոչինչ» սկզբունքի վրա


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը հենվում է «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` համաձայնեցված չէ ոչինչ» սկզբունքի վրա: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը:

APA գործակալության խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման մանրամասները, որոնք հրապարակել է թուրքական մամուլը` «ըստ նախնական տեղեկությունների», Պոլուխովը մեկ անգամ եւս հիշեցրել է Ադրբեջանի դիրքորոշումը: Ըստ այդմ` նախ եւ առաջ պետք է ազատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավյալ տարածքները», վերականգնվեն ենթակառուցվածքները, պետք է վերադառնան տեղահանվածները, Լեռնային Ղարաբաղին պետք է տրամադրվի ժամանակավոր կարգավիճակ եւ հետո միայն որոշվի վերջնական կարգավիճակը:

APA-ն նաեւ մեջբերում է թուրքական մամուլի հրապարակած մանրամասները, համաձայն որոնց` չնայած նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին Մյունխենում չի հաջողվել կոնկրետ արդյունքների հասնել, նրանք փորձել են տեղաշարժերի հասնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների պատրաստած եւ կողմերին ներկայացրած Մադրիդյան սկզբունքների եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG