Մատչելիության հղումներ

Լրացավ թիվ 10 ընտրատարածքում փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը


Նոյեմբերի 26-ին ավարտվեց Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել են 4 թեկնածուներ՝ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Դերասան Վլադիմիր Կոստանյանը երեկ հայտարարություն էր տարածել ինքնաբացարկի մասին՝ նշելով, թե չի պատրաստվում պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը։

Նոյեմբերի սկզբին Հմայակ Հովհաննիսյանը նույնպես պատրաստակամություն էր հայտնել ընտրապայքարի ցանկացած փուլում հանել իր թեկնածությունը՝ հօգուտ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի:

Եթե Հովհաննիսյանը իր խոստումը կատարի, թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի դեմ կպայքարեն «Ազգային միաբանության» ներկայացուցիչն ու մարքսիստ Դավիթ Հակոբյանը։

Ի դեպ, «Ազգային միաբանությունը» ներկայացնող Արա Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց. որ չի պատրաստվում իր թեկնածութունը հանել հօգուտ որեւէ մեկի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի։ Սիմանյանի փոխանցմամբ, ինքն ընտրություններին մասնակցում է «հանուն հայոց պետականության կայացման»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ այս ընտրություններին իրեն աջակցեն իշխանական ուժերը, Արա Սիմոնյանը ասաց, թե՝ չգիտի: Ամեն դեպքում, նա հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը իր բարեկամն է. - «Այո, նա իմ բարեկամն է, բայց դա ընտրությունների հետ կապ չունի։ Մենք այդ թեմայով չենք խոսել նրա հետ»։

Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, թե իրենց մրցակիցը այս ընտրություններում լինելու է ռեժիմի կեղծիքի մեքենան։

«Ես չգիտեմ [իշխանությունները] նրանցից որին կսատարեն, բայց որ մեկին էլ որ սատարեն միեւնույնն է՝ մենք գործ ենք ունենալու կեղծիքի մեքենայի հետ։ Այս դեպքում անձը ոչ մի նշանակություն չունի», - շեշտեց Դավիթ Մաթեւոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG