Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի նախագահի եւ արտգործնախարարի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Տոկիո, որտեղ հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի եւ արտգործնախարար Կացույա Օկադայի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Տակահիրո Յոկոմիչիի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս աշխարհի առաջատար երկրներից մեկի` Ճապոնիայի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցի հիմնական նպատակն է քննարկել երկկողմ համագործակցության զարգացման ուղիները:

Զրույցի ընթացքում շոշափվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանման հարցեր, միջազգային, այդ թվում` Խաղաղօվկիանոսյան եւ Կովկասյան տարածաշրջանների խնդիրներ:

Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վրա:

Ճապոնիայի արտգործնախարար Կացույա Օկադան Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երկու ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանի արտգործնախարարը Կովկասյան տարածաշրջանից իր առաջին բարձրաստիճան հյուրն է:

Նալբանդյանը ասել է, որ Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում:

Նախարարները քննարկել են միջազգային կազմակերպություններում գործակցության սերտացման, գիտական եւ կրթական բնագավառներում համագործակցության ծավալման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման,
մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Կացույա Օկադան նշել է, որ Ճապոնիան սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը եւ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ կարգավորումը:

Օկադան նաեւ Ճապոնիայի աջակցությունն է հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս հայտնել, որ ստորագրված արձանագրությունները կվավերացվեն եւ կիրագործվեն, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հայաստանի արտգործնախարարը ճապոնացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Հայաստան:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ մամլո հայտարարություն, որում հայկական կողմը, մասնավորապես, վերահաստատում է իր «ամուր աջակցությունը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ճապոնիայի մշտական անդամակցությանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Կացույա Օկադան հայտագրեր են փոխանակել Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերանորոգման համար հատուկ սարքավորումներ տրամադրելու մասին:

Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարն այցելել է Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպություն (JETRO), որի նախագահ Յասուո Հայաշիի հետ քննարկել է երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտն ու ոլորտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչը այցելի Երեւան` հայաստանյան գործընկերների հետ կապեր հաստատելու եւ համագործակցության ուղիներ քննարկելու համար:

Այցի շրջանակներում նախատեսված է նաեւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոյի հետ, ելույթը Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG