Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 26-ի մամուլ


«Ազգ»-ը գրում է. - «Վարչապետի` հանրապետական դառնալու ֆոնին, պիտի որ նրա թիմակից նախարարները հանրապետական դառնային: Սա հասկանալի էր անգամ քաղաքականությունից հեռու մարդուն: Փաստն այն է, որ երկրի նախագահը, ով նախագահական ընտրություններից հետո երկար ժամանակ իրեն իքնավստահ չէր զգում, հանգրվան առ հանգրվան, դանդաղորեն ուժ հավաքեց, ինքնավստահություն կոփեց` սկզբում ոչ մեկին մոտ չթողնելով, հետո արդեն այնքան ուժեղանալով, որ հանրապետականների մեջ ավելի հանրապետականների կորիզ կարող է ստեղծել, կարող է իր ղեկավարած կուսակցությունը դարձնել առավել կենտրոնաձիգ` համենայնդեպս կոնկրետ իշխանություն ունեցողներին (վարչապետ, նախարարներ) հանրապետականացնելու այս ողջ գործընթացը մկանների ցուցադրման հետ նաեւ կոնկրետ խնդիրներ է լուծում ՀՀԿ-ի ներսում, ձեռքի հետ խեղճացնելով Հանրապետականի ներսում սեփական «դվիժենի» անելու հավակնություն ունեցողներին եւ առավել գլոբալ հեռանկարում` նախագահի սեփական հենարանը ձեւավորելով»:

«Կապիտալ»-ը զրուցել է Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ: Լրագրողը հարցնում է. - «Այսօր, կարծես թե, քաղաքական հետնաբեմում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ տեղի են ունենում լուրջ առճակատումներ»։ Պատասխան. - «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կա քաղաքական բազմակարծություն։ Վերցնել ու սենսացիաներ անել, չեմ կարծում, թե ճիշտ է։ Պետք չէ կոալիցիան շփոթել մի կուսակցության հետ։ Նույն Հայաստանի նորագույն քաղաքական պատմությունը ցույց է տվել, որ կոալիցիան կարող է կազմված լինել տարբեր քաղաքական ուժերից եւ ժամանակ առ ժամանակ թարմացվել կամ նորացվել, սակայն այս պահին ես նման բան չեմ տեսնում»։ Հարց. - «Խոսակցություններ են պտտվում քաղաքական վերադասավորումների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին»։ Պատասխան. - «Անհեթեթ, ծիծաղելի եւ իրականությունից զուրկ խոսակցություններ են։ Հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ։ Հայաստանի Հանրապետությունում իշխանության բերում է ժողովուրդը։ 1995-ից սկսած՝ ժողովուրդն իշխանության է բերել Հանրապետական կուսակցությանը, 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հանրապետականը, իսկ 2008 թվականին նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, որը Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միասնական թեկնածուն է եղել»։

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Լեւոնական քարոզիչները, առաջնորդի «ապագային միտված» իմաստուն ելույթը գովերգելու սրբազան պարտքը մոռացած՝ ընկել են Ռոբերտ Քոչարյանի հետեւից։ Եվ չեն ալարել՝ ուրիշի գրպանի պարունակությունը չհաշվելու հհշական պատվիրանը մոռացած՝ մանրակրկիտ ուսումնասիրել են Աֆրիկայում «սաֆարիներ» կազմակերպող ընկերությունների գնացուցակը եւ պարզել, որ դա բավական թանկ հաճույք է, ու չեն հանդարտվում՝ իրենց կոտորում են, թե որտեղի՞ց նրան այդ փողերը։ Նույնիսկ հիշել են Ղարաբաղը իր բազմաթիվ չլուծված հարցերով եւ, ադրբեջանցի եղբայրներին երկրորդելով, մուննաթ են գալիս, թե մինչ իշխանությունները «Հայաստան» հիմնադրամի միջոցով սփյուռքահայերից «փող են մուրում» Շուշիի բարեկարգման համար, Քոչարյանը հանգիստ խղճով իր համար «քեֆ է քաշում» աֆրիկաներում»։

«Ժամանակ»-ը գրում է. - «Ղարաբաղի Ազգային ժողովը երեկ հանդես է եկել աննախադեպ մի հայտարարությամբ, որում ակնարկում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմատենչության շարունակության դեպքում Ղարաբաղը կկորցնի վստահությունը խաղաղ բանակցության գործընթացի նկատմամբ եւ իրավունք կվերապահի իրեն հանդես գալ ռազմատենչությանը համարժեք նախաձեռնություններով: Նախ` անմիջապես հարց է առաջանում, թե ի՞նչ է նշանակում այդ «համարժեք նախաձեռնություններ» արտահայտությունը: Այսինքն` Ղարաբաղն էլ պետք է Ադրբեջանի՞ն սպառնա: Ասենք` սպառնաց, է, հետո՞: Բանն այն է, որ խոսքը պետք է ժամանակին ասել, որ այն իրապես արժեքավոր լինի: Մինչդեռ Ղարաբաղի իշխանությունը քար լռություն էր պահում, օրինակ, Մայենդորֆի հռչակագրի ընդունման ժամանակ, երբ դրանով փաստացի բանակցային պրոցեսից Ղարաբաղի դուրս մնալն էր փաստաթղթավորվում: Եվ պետք է խոսքը ասել ճիշտ հասցեագրված: Այլապես մանկամտության դրսեւորում է, երբ Ղարաբաղի վարչապետը հայտարարում է Սերժ Սարգսյանին լիովին վստահելու մասին, իսկ Ղարաբաղի ԱԺ-ն մի քանի օր հետո հայտարարում է, որ կարող է հիասթափվել բանակցություններից»:

«Հայկական ժամանակ»-ը ներկայացրել է մի լուսանկար, որտեղ պատկերված են «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներ Դերենիկ Բեջանյանը եւ Էդիկ Գրիգորյանը, «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին եւ 2008-ի փետրվարին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց բողոքի ցույցեր կազմակերպող Արտյոմ Խաչատրյանը: Թերթը գրում է. - «Բերված նկարը, ամենայն հավանականությամբ, արվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալների խցում: Նկարը մոտ երկու ամիս առաջ է տեղադրվել ինտերնետում: ՀՀ օրենսդրությունը խմբակային տեսակցություն չի նախատեսում, այն է ` դատապարտյալների խցում: Բացի այդ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է ապահովում Հոկտեմբերի 27-ի ոճրագործների բարեկեցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG