Մատչելիության հղումներ

Սոցիալական ծառայության պետը տեղեկացնում է. հաջորդ տարի կենսաթոշակները չեն ավելանա եւ չեն նվազի


Հայաստան -- Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյան, Երեւան, 25-ը նոյեմբերի, 2009թ.
Հայաստան -- Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյան, Երեւան, 25-ը նոյեմբերի, 2009թ.

«2010 թվականին կենսաթոշակները եւ այլ սոցիալական ծախսերը չեն ավելանա, սակայն չեն էլ նվազի։ 520 հազար թոշակառուներ կստանան միջինում 26 հազար դրամ կենսաթոշակ: Պատճառը տնտեսական ճգնաժամն է», - հայտարարում է սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը։

Չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստանում նկատվող գնաճի եւ ինֆլյացիայի պայմաններում կենսաթոշակների չափի պահպանելը նույն մակարդակի վրա չի՞ հանգեցնի սոցիալական լարվածության ավելացմանը, Խաչիկյանը պատասխանեց. - «Իհարկե սոցիալական լարվածություն կառաջացնի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինֆլյացիան 2009 թվականին ավելի մեծ չէ, քան թե վերջին երկու տարիների ընթացքում կենսաթոշակների բարձրացումը, այդքան մեծ լարվածություն չի առաջացնի։ Չմոռանանք, որ 2007-09 թվականների ընթացքում շուրջ երկու անգամ կենսաթոշակները բարձրացել են, իսկ գները այս ընթացքում երկու անգամ չեն աճել»։

Երեւանի փողոցներում «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած փոքրիկ հարցման մասնակիցները, սակայն, համաձայն չեն Խաչիկյանի գնահատականների հետ։

«Ոչ մի կրկնակի աճ։ Իմ թոշակը եղել է մոտավորապես 37 հազար դրամի սահմանում։ Հիմա թոշակը դարձել է 43-44 հազար։ Մոտ 10 տոկոսով բարձրացնել, հետեւից էլ գոռալ, որ կրկնապատկե՞լ ենք», - ասաց մի տղամարդ։

Մեկ ուրիշը դժգոհեց, որ չնայած թոշակների որոշակի բարձրացում կա, սակայն գները բարձրանում են օրեցօր։

«Գոյատեւելու հարցը չի լուծվում։ Եվ պարոն նախարարը ասում է, որ անցած տարվա համեմատ թանկացումներ չե՞ն եղել։ Ո՞նց թե», - զարմացավ մեր զրուցակիցը. - «Բայց գոնե անհարմար զգան»։

Այժմ միջին կենսաթոշակը մոտ 10 հազար դրամով պակաս է նվազագույն կենսապահովման զամբյուղից։ 2012 թվականին դրանք հավասար մակարդակների հասցնելու ծրագրերը ճգնաժամի պատճառով հետաձգվում են անորոշ ժամանակով:

«Յուրաքանչյուր տարվա համար մենք ունեինք սցենար, թե ինչքան պիտի բարձրացնեինք [թոշակները]։ Դժբախտաբար այս ճգնաժամով պայմանավորված այդ սցենարը հետաձգվել է», - այս առիթով ասաց Խաչիկյանը՝ հույս հայտնելով, որ 2010 թվականին երկրի տնտեսական իրավիճակը կբարելավվի եւ հնարավորություն կստեղծվի 2011 թվականին նախատեսել կենսաթոշակների եւ սոցիալական ապահովության վճարների ավելի բարձր մակարդակ։

Կենսաթոշակային ռեֆորմ


Առաջիկայում փոփոխություններ են սպասվում ոլորտում՝ անցում բաշխողականից կուտակայինի։ Եթե տնտեսական ճգնաժամը չլիներ, կենսաթոշակային ռեֆորմի սկիզբն արդեն պետք է դրված լիներ։ Վազգեն Խաչիկյանի խոսքով, կառավարությունը փոփոխել է ծրագրերը եւ այժմ նախատեսվում է կենսաթոշակային նոր համակարգը ներդնել 2011 թվականի հունվարից։

Նոր համակարգը պարտադիր է լինելու մինչեւ 40 տարեկան անձանց համար, եւ նախատեսում է, որ իրենք՝ աշխատողները, պետք է տարիների ընթացքում կուտակեն իրենց թոշակները՝ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերին փոխանցելով իրենց աշխատավարձի 5 տոկոսը, իսկ պետությունը կփոխանցի համարժեք գումար։

«Այս պարտադիր վճարները կհաշվառվեն նրանց անհատական հաշիվներում, դրանք կներդրվեն համապատասխան կուտակային հիմնադրամներում եւ ծերության կենսաթոշակ ստանալու ժամանակ նրանք կունենան որոշակի դրամագլուխ, որը կգումարվի նրանց այն կենսաթոշակին, որը կոչվում է բազային, կամ սոցիալական կենսաթոշակ», - մանրամասնեց սոցիալական ապահովության ծառայության պետը։

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանի կարծիքով նոր համակարգը չի լուծելու բնակչության սոցիալական խնդիրները, այլ միայն նոր խնդիրներ է ավելացնելու։

«Այսօր կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականության շնորհիվ իրականացվելու է ոչ թե կենսաթոշակային բարեփոխում, այլ կենսաթոշակային հիմնադրամի մասնավորեցում։ Այս համակարգը չի գործում որեւէ զարգացած երկրում։ Ինքը բավական ռիսկային է, եւ հատկապես այս ճգնաժամի պայմաններում նման գործընթացի իրականացումը հղի է լուրջ վտանգներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արա Նռանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG