Մատչելիության հղումներ

«Չափից դուրս անկեղծ ներկայացում» Վարդան Պետրոսյանի կողմից


Պիոներական տարիներից մինչեւ 90-ականների Երեւան, հետո փախուստ դեպի Ֆրանսիա ու «անվերջ վերադարձ» դեպի սիրելի Երեւան: Դերասան Վարդան Պետրոսյանը իր նոր ներկայացումը կոչել է «Խոստովանություն թատրոնում», որը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում բնորոշեց որպես «չափից դուրս անկեղծ ներկայացում»: Իր նախորդ բոլոր ներկայացումներից սա առանձնանում է խիստ անձնական լինելու փաստով, որի դեպքում հնարավոր չի եղել խուսափել բացահայտ թափանցիկությունից:

Առաջին անգամ բեմից Վարդան Պետրոսյանը պատմում է միայն իր մասին, անցնում իր կյանքի բոլոր փուլերով ու հանդիսատեսին ստիպում վերապրել դրանք իր հետ միասին:

Իր մասին անկեղծ այս խոստովանությունը պատրաստելիս Վարդան Պետրոսյանը մի շատ կարեւոր մտավախություն է ունեցել` չանցնել անկեղծության սահմանն ու չանտեսել թատրոնի պարտադրած պայմանականությունները: Մտավախությունների շարքում պակաս կարեւոր չէր այն հանգամանքը, որ բեմից ինքնակենսագրություն ներկայացնելիս անհամեստ է խոսել նվաճումների մասին: Դերասանը հետաքրքիր լուծում է գտել` առաջարկելով «ծիծաղել իր նվաճումների ձախողումների վրա»:

Դեռ այս տարվա մարտից Վարդան Պետրոսյանը միաժամանակ 4 թատերական նախագծերի վրա էր աշխատում` շեքսպիրյան Ռիչարդ 3-րդ, քաղաքական սատիրայով հերթական մենաներկայացում, բուլվարային կատակ-ներկայացում սեռերի փոխհարաբերությունների մասին, նաեւ երաժշտական մի ներկայացում: Բոլորը, սակայն, ավելի թույլ են գտնվել, քան անկեղծ խոստովանությունը:

Ի դեպ, իր ինքնակեսգարությունը բեմադրելու պատասխանատվությունը Վարդան Պետրոսյանը դրել է իգական սեռի ուսերին` վստահելով այն Նարինե Մալյանին:

Այս ներկայացման մեջ Վարդան Պետրոսյանը մենակ չէ բեմում, այլ 4 երաժիշտների հետ, ովքեր իրենց երաժշտությամբ ու համր միջամտություններով լրացնում են մտերմիկ միջավայրն ու հանդիսատեսի հետ անմիջական շփման պայմաններ ստեղծում: Դերասանը մինչ այդ չի վախենում խոստովանել, որ Երեւանից հեռանալը «փախուստ էր ինքն իրենից»:

Վարդան Պետրոսյանը Երեւանից դուրս` գյուղում, փոքրիկ մի տնակ է կառուցել, որը գերզբաղված առօրյայում դեռ չի հասցնում վայելել:
Այդուհանդերձ, շարունակում է համատեղել փարիզյան ու երեւանյան կյանքը, հոկտեմբերին հասցրել է մի քանի ելույթներ ունենալ Փարիզում, հիմա խաղում է «խոստովանությունն» ու չի շտապում այլ խոստումներ տալ:
XS
SM
MD
LG