Մատչելիության հղումներ

Հայաստանում հաջորդ տարվանից կսկսվի անցումը կենսաթոշակների անկանխիկ վճարման


Հայաստանում հաջորդ տարի կենսաթոշակները չեն բարձրանա, սակայն դրանք կսկսեն վճարել անկանխիկ` բանկոմատների միջոցով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:

«2010 թվականի հունվարի 1-ից, հիմա կառավարությունում քննարկվում է այդ ծրագիրը, եւ ցանկացողները կարող են արդեն դրանով սպասարկվել: 2011-ից` պարտադիր, իսկ 2010-ին` արդեն կամավորության հիման վրա», - նշեց Խաչիկյանը:

Հարցին` արդյոք բանկոմատներից օգտվելը դժվարություն չի՞ ներկայացնի տարեցների համար, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը պատասխանեց. - «Ես լավ կարծիքի եմ մեր կենսաթոշակառուների կրթական եւ գիտակցական մակարդակի վերաբերյալ եւ մտածում եմ, որ մեծ մասը, իհարկե, կկարողանան»:

Փոփոխությունը, ըստ Վազգեն Խաչիկյանի, կարվի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Հաճախ թոշակառուները դժգոհում են, որ փոստատարները կենսաթոշակը վճարելիս պարտադրաբար վերցնում են 100-500-ական դրամ յուրաքանչյուր անգամ:

Խաչիկյանը չհերքեց, որ նմանատիպ երեւույթներ իսկապես կան: «Այդ ամենը բարեփոխումների փուլում է: Իհարկե, վերահսկողություն էլ կա, եւ առանձին մարդիկ նաեւ պատժվել են: Եվ մտածում եմ, որ առաջիկա մեկ-երկու տարում այդ կարգի բաներ չեն լինի», - վստահեցրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը` հավելելով. - «Մենք փորձում ենք ողջ հանրապետությունում, այսպես ասած, պայքար տանել դրա դեմ: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին` կոնկրետ դեպքերում իրենք կարող են դիմել մեզ եւ շատ հաճախ նաեւ դիմում են մեզ, եւ մենք յուրաքանչյուր ահազանգի հետեւից գնում ենք եւ փորձում ենք լուծումներ տալ մեր ժողովրդին մտահոգող խնդիրներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG