Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ողջունում է Ղարաբաղյան գործընթացում դրական տեղաշարժը


Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ծաղիկներ են դնում Հեյդար Ալիեւի հուշարձանին, Ուլյանովսկ, 24 նոյեմբերի, 2009
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ծաղիկներ են դնում Հեյդար Ալիեւի հուշարձանին, Ուլյանովսկ, 24 նոյեմբերի, 2009

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեքշաբթի օրը Ուլյանովսկում մանրամասն քննարկել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:

Ըստ նրա` Իլհամ Ալիեւը Դմիտրի Մեդվեդեւին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կիրակի օրը Մյունխենում կայացած հանդիպման մանրամասները:

Ռուսաստանի նախագահը ողջունել է բանակցային գործընթացում դրական տեղաշարժը եւ վստահեցրել Ալիեւին, որ պաշտոնական Մոսկվան այսուհետ եւս շարունակելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրել:

Տիմակովայի փոխանցմամբ` նախագահները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը եւ առաջիկա հանդիպումների գրաֆիկը:

Հանդիպման առիթը Ուլյանովսկի հրապարակներից մեկը Ադրբեջանի նախկին նախագահի անունով կոչելու արարողությունն էր:

Իլհամ Ալիեւին Դմիտրի Մեդվեդեւը դիմավորել է օդանավակայանում, եւ այնտեղից նախագահները մի ավտոմեքենայով շարժվել են դեպի միջոցառման անցկացման վայր, որտեղ Ռուսաստանի նախագահը ծաղիկներ է դրել Հեյդար Ալիեւի հուշարձանին:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները երկու երկրների միջեւ հարաբերությունները մատնանշել են որպես բարեկամական հարաբերությունների օրինակ:

«Այս կամուրջն ու Հեյդար Ալիեւի հուշարձանը բարեկամության խորհրդանիշ է, սա օրինակ է, թե ինչպես պետք է կառուցել հարաբերությունները հետխորհրդային տարածքում», - ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը սկսելիս հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

Ավելի վաղ Իլհամ Ալիեւն ասել էր. - «Եթե աշխարհի բոլոր երկրներն ունենային այնպիսի հարաբերություններ, ինչպիսին են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, աշխարհում խնդիր չէր լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG