Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Իրանը քննարկում են վիզային ռեժիմի դյուրացման հարցեր


Հայաստանի եւ Իրանի պետական դրոշները
Հայաստանի եւ Իրանի պետական դրոշները

Հայաստանը եւ Իրանը քննարկում են վիզային ռեժիմի փոխադարձ դյուրացման հարցերը: Իրանական «Իրիբնյուս» հեռուստաընկերության փոխանցմամբ` երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական բաժինների ղեկավարների, պատվիրակությունների անդամների համատեղ նիստը անցկացվում է Թեհրանում:

Երկօրյա հանդիպումը ավարտվում է այսօր: Հանդիպման ավարտին նախատեսվում է հուշագրի ստորագրում:

Իրանական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ քննարկվում են վիզային ռեժիմը դյուրացնելու, վիզայի համար վճարվող տուրքերը նվազեցնելու հարցերը:

Ըստ հաղորդագրության, վիզային հարցերից բացի, քննարկվում են նաեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ուսանողների փոխանակման, իրավական բնագավառում համագործակցության մակարդակի բարձրացման, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, երկու երկրների տարածքում ձերբակալված անձանց փոխանակման, երկու երկրների ոստիկանությունների միջեւ համագործակցության, սահմանամերձ շրջանների համագործակցության զարգացման հարցերը:

Իրանի արտգործնախարարության հյուպատոսական հարցերով վարչության ղեկավար Հուսեյն Միրֆախարը ասել է, թե նման հանդիպումները շատ օգտակար են երկու երկրների միջեւ հյուպատոսական խնդիրները լուծելու համար:

Հյուպատոսական հարցերով սա Իրանի եւ Հայաստանի պատվիրակությունների թվով վեցերորդ համատեղ նիստն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG