Մատչելիության հղումներ

Վերակառուցման եւ զարգացման բանկը այս տարի 150 միլիոն դոլարի ներդրումներ է նախատեսում Հայաստանում


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ընթացիկ տարում նախատեսում է աննախադեպ՝ 150 միլիոն դոլարի ներդրումներ իրականացնել Հայաստանում։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, այսօր Վերակառուցման եւ զարգացման բանկի Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Օլիվյե Դեկամպը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը եւ նշել է, որ ընթացիկ տարում ՎԶԵԲ-ը նախատեսել է իրականացնել 150 միլիոն դոլարի ներդրումներ, ինչը ՎԶԵԲ-ի ղեկավարի խոսքով պատմական ռեկորդ է։

Օլիվյե Դեկամպը նաեւ նշել, որ բանկը հետաքրքրված է կենսաթոշակային ու ապահովագրական հիմնադրամների ստեղծմամբ, ՎԶԵԲ-ը շարունակելու է աջակցել փոքր ու միջին ձեռնարկատերերին էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծին, քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ՎԶԵԲ-ի հնարավոր մասնակցության հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG