Մատչելիության հղումներ

logo-print

Ուսանողների բողոքը` ի պաշտպանություն Վրաստանում գտնվող հայկական հուշարձանների


«Ոչ վրացական վանդալիզմին, ոչ մշակութային ցեղասպանությանը» կոչերով տարբեր բուհերից Հանրապետության հրապարակում հավաքված ուսանողների պահանջն էր Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիններն ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները:

«Նախորդ տարի էլ ուսանողները նմանատիպ ակցիա կազմակերպեցին, կրկին նույն պահանջով, սակայն որեւէ էական փոփոխություն այս մեկ տարվա ընթացքում չի արձանագրվել, այս անգամ ավելի հետեւողական ու խիստ կլինենք մեր պահանջներում»,- ասաց Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանը:

Ակցիային միացան նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: Ակցիայի մասնակիցները նախ նամակ հանձնեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ` պահանջով վերահաստատել հավատարմությունը համամարդկային արժեքների նկատմամբ, իրականացնել խնամք պատմամշակութային կոթողների նկատմամբ:

Ուսանողները նամակ հանձնեցին նաեւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին: Վերջինս ընդունեց 5 տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների նախագահներին եւ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանին:

«Դեսպանը խոստացավ մեր պահանջը ներկայացնել վրաց իշխանությանը: Նա նշեց, որ հույս ունի, որ արդեն հաջորդ տարի Վրաստանի տարածքում գտնվող վերանորոգված որեւէ հայկական եկեղեցում մենք բոլորս միասին վրացական գինի կխմենք», - պատմեց Ցոլակ Ակոբյանն ու ավելացրեց, որ եթե առաջիկայում վրաց իշխանությունները այլ կերպ չվերաբերվեն հայկական պատմամշակութային կոթողներին, ապա նմանատիպ բողոքի ակցիաները շարունակական բնույթ կկրեն:
XS
SM
MD
LG