Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանի միակ ճիշտ քայլը պետք է լիներ՝ ընդհանրապես չգնալը Մյունխեն»


Հայաստան -- Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան, 24-ը նոյեմբերի, 2009թ.

Հայաստան -- Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան, 24-ը նոյեմբերի, 2009թ.

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի անդամ, Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով, Իլհամ Ալիեւի հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարությունը` պատերազմ սկսելու մասին, ուղղակիորեն հակասում էր Մայնդորֆյան համաձայնագրին: Դա, ըստ Հովհաննիսյանի, բավարար հիմք էր հայկական կողմի համար` մյունխենյան բանակցություններից հրաժարվելու համար:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հերթական սպառնալից հայտարարությանը վերջնագիր էր հիշեցնում։ Այս պայմաններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միակ ճիշտ քայլը պետք է լիներ՝ ընդհանրապես չգնալը Մյունխեն», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Վահան Հովհաննիսյանը՝ պարզաբանելով. - «Որովհետեւ բանակցել վերջնագրի ճնշման տակ ընդհանրապես ճիշտ չէ։ Հայկական կողմը պետք է անմիջապես այդ հայտարարությունից հետո դիմեր միջնորդներին, ասելով, որ այս պայմաններում աշխատելը անհնարին է, եւ կամ դուք կսանձեք Ադրբեջանի նախագահին, կամ մենք այս պայմաններում բանակցելու անհրաժեշտություն չենք տեսնում»։

Երեկ Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններին, սպառնաց, թե՝ եթե խաղաղ բանակցություններն ընդհատվեն եւ ռազմական գործողություններ սկսվեն, ապա ոչինչ չի խանգարի Հայաստանի Հանրապետությանը ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

Վահան Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից խնդրի լուծման ամենաճիշտ տարբերակը չէ. - «Ավելի կարեւոր բաղկացուցիչներ են միջազգային ճանաչումը՝ գոնե մասնակի ճանաչում տարբեր միջազգային կառույցների կողմից, կամ ուրիշ պետությունների։ Մյուս բաղկացուցիչը, էլ ավելի կարեւոր, Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանին։ Ամենակարեւոր ճանաչման ձեւը այսօր մեզ համար դա է։ Իսկ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, կարծում եմ առաջնային խնդիրը այլեւս ոչ թե ճանաչումը պետք է լինի, այլ ադրբեջանական ագրեսորի ամբողջական ջախջախումը մարտի դաշտում»։

Դաշնակցական գործիչը դժգոհեց բանակցային գործընթացի առկա ընթացքից` պարզաբանելով. - «Ադրբեջանը փորձում է քամել մադրիդյան սկզբունքներից իրեն ձեռնտու զիջում փախստականների հարց եւ այլն: Հայաստանը ժամանակին թույլ է տվել տակտիկական սխալ, որը հիմա վերածվում է ստրատեգիական սխալի»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանից կորզվի ինչ-որ զիջում՝ թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հեշտացնելու նպատակով։

Վայամ Հովհաննիսյանը բավականին կոշտ արտահայտվեց, մասնավորապես, բանակցային գործընթացում Ռուսաստանի դերակատարության շուրջ, ում նշանակությունը բանակցային գործընթացում շեշտադրելու համար, ըստ նրա, ստեղծվեց Մայնդորֆյան հռչակագիրը. - «Ռուսաստանի դերակատարությունը այսօր ես նկատում եմ որպես Հայաստանի համար շատ վտանգավոր թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ»։

ՀՅԴ-ի Բյուրոյի անդամը չի վստահում նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդներին. - «Ես դադարել եմ նրանց հավատալ, որովհետեւ նախ նկատում եմ, որ նրանց հայտարարությունների մեջ հաճախ իրարամերժ էլեմենտներ են երեւում», - այս առիթով ասաց Վահան Հովհաննիսյանը:


«Սպասում էինք քաղաքական ավելի լուրջ պատասխան»


Լրագրողների հետ հանդիպմանը Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավարը անդրադարձավ նաեւ երկրի ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքին՝ ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը։

«Ես կարծում եմ, որ իր հասցեին հնչած մեղադրանքներին համարժեք չէր պատասխանը: Մենք սպասում էինք քաղաքական ավելի լուրջ պատասխան: Հավանաբար պարոն Քոչարյանը իր՝ քաղաքականությունից կտրված լինելու հանգամանքն է ուզում շեշտել, բայց երբ քաղաքականությամբ չես զբաղվում՝ նա է գալիս ու զբաղվում քեզնով», - ասաց Վահան Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ապա, ըստ Հովհաննիսյանի, մեկնաբանությունների համար պետք է դիմել տնտեսագետներին՝ «որովհետեւ դա կոմերցիոն բնույթի առաջարկ է»։

«Եվ, իմիջիայլոց, նրա [Լեւոն Տեր-Պետրոսյանի] ավելի անկեղծ զինակիցները պարզապես արդեն դրանից հետո էլ ասացին, որ ոչ մի հակասություն այսօր նրանց եւ իշխանության մեջ չկա. միայն այսպես կոչված «քաղբանտարկյալների» հարցն է, եւ կարծում եմ իշխանությունն այդ հարցում սկսել է ինչ-որ զիջումների գնալ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի գրանցման հարցը, որը կարծում են այդքան էլ պատահական չէ», - նաեւ ասաց Վահան Հովհաննիսյանը՝ շեշտելով, թե ինքը բոլորովին դեմ չէ, որ Նիկոլ Փաշինյանին գրանցել են, պարզապես փորձում է բացատրություն գտնել, թե ինչո՞ւ իշխանությունը հանկարծ զիջման գնաց այս հարցում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG