Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել է Պատվո շքանշանով


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահը նշել է, որ այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց եւ նոր ժամանակահատվածով գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո:

«Ցանկանում եմ իմ գոհունակությունն արտահայտել ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության տեմպերի առումով եւ ընդգծել, որ վերջին ժամանակահատվածում արվել է լուրջ աշխատանք: Շատ հնարավոր է, որ սա առաջին շատ լավ նախադեպն է, երբ ընդունված, այսպես ասած` բանավոր որոշումը ոչ այնքան տեւական ժամանակահատվածում դարձավ փաստաթուղթ, ստեղծվեցին Հավաքական անվտանգության արագ արձագանքման ուժերը, եւ ոչ միայն ստեղծվեցին, այլեւ անցկացվեցին զորավարժություններ», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը եւ հավելել. - «Համոզված եմ, որ մոտակա ժամանակներում մենք կավարտենք նորմատիվ ակտերի փաթեթի մշակումը, եւ մեր Կազմակերպությունը կդառնա անդամ երկրների անվտանգությունն առավել ապահովող կառույց»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ հրամանագիր է ստորագրել նրան Հայաստանի պետական բարձր պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտությամբ է ընդունել Հայաստանի պետական պարգեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG