Մատչելիության հղումներ

logo-print

Էլդար Նամազով. «Ադրբեջանը ձգտում է առաջ մղել նաեւ Ղարաբաղյան կարգավորման ընթացքը»


Ադրբեջան – քաղաքական վերլուծաբան Էլդար Նամազով, արխիվ

Ադրբեջան – քաղաքական վերլուծաբան Էլդար Նամազով, արխիվ

Հասկանալով հայ - թուրքական մերձեցման գործընթացի հանդեպ միջազգային հանրության մեծ շահագրգռությունն ու այդ գործընթացի կարեւորությունը` Ադրբեջանը ձգտում է օգտագործել պահն ու առաջ մղել նաեւ Ղարաբաղյան կարգավորման ընթացքը: Այս կարծիքը հայտնեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդական, քաղաքական վերլուծաբան Էլդար Նամազովը` «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում մեկնաբանելով մյունխենյան հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւի արած կոշտ հայտարարությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Մյունխենում կայացած վերջին հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մասնավորապես, հայտարարել էր, թե այդ հանդիպումը կարգավորման վերջին շանսն է, ինչի ձախողման դեպքում Ադրբեջանը, հնարավոր է, կդիմի խնդրի լուծման ուժային տարբերակի:

Ըստ Էլդար Նամազովի` Ադրբեջանը մտավախություն ունի, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումից, մասնավորապես` երկու երկրների միջեւ սահմանի բացումից ու Հայաստանի համար տնտեսական առավել բարվոք վիճակ ապահովելուց հետո հայկական կողմը Ղարաբաղի հարցում ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը:

«Ուստի, սա Բաքվի կողմից նաեւ որոշակի ճնշում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ շահագրգիռ բոլոր կողմերի` այդ թվում Միացյալ Նահանգների ու Եվրամիության նկատմամբ», - ասաց ադրբեջանցի վերլուծաբանը:

Նամազովը նշեց, թե Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը երբեք էլ չի կարելի բացառել, քանի որ «պատկերավոր ասած` պատին կախված հրացանը մի օր կրակում է»:

Այդուհանդերձ, ինչ վերաբերում է կոնկրետ Ալիեւի վերջին հայտարարությանը, ինչպես նաեւ քիչ ավելի ուշ` Հայաստանի նախագահի մամլո խոսնակի ոչ պակաս կոշտ արձագանքին, ապա դրանք, Նամազովի գնահատմամբ, առավելապես դիվանագիտական հնարքներ են:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Լաուրա Բաղդասարյանը, ի տարբերություն շատ քաղաքագետների, ամենեւին էլ աննախադեպ չի համարում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը. այդպիսիք, անգամ ավելի սուր շեշտադրությամբ, նախկինում էլ են եղել, եւ ոչ միայն ներքին լսարանի համար: Աննախադեպը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց հայաստանցի վերլուծաբանը, քաղաքական այն ֆոնն է, որի վրա հնչեց Ալիեւի վերջին հայտարարությունը:

«Նախկինում եթե Ադրբեջանի համար շատ կարեւոր գործոն էր Թուրքիան եւ Թուրքիայի կողմից շրջափակումը, Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այսօր կարծես թե այդ ամեն ինչը փոխվում է` շեշտակիորեն, խորքային կերպով փոխվում է ստատուս քվոն տարածաշրջանում: Այսինքն, Ադրբեջանը միայն նյարդային ժեստեր չի ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, նա այդպես է վերաբերվում եւ եվրոպական երկրների նկատմամբ, նման վերաբերմունք ցուցաբերում է հատկապես Թուրքիայի նկատմամբ», - ասաց Լաուրա Բաղդասարյանը:

Այսինքն, սա «անկյուն քշվածի» վարքագիծ է, ինչը, իհարկե, ամենեւին էլ չի նշանակում, թե Իլհամ Ալիեւի հնչեցրած վերջին սպառնալիքները լոկ սպառնալիքներ են, նշեց «Ռեգիոն» կենտրոնի ղեկավարը` չբացառելով ռազմական գործողությունների վերսկսումը: Դա, ըստ նրա, կարող է տեղի ունենալ սեփական հասարակության առջեւ արդարանալու, դեմքը փրկելու մղումով, ասաց վերլուծաբանը` հավելելով. - «Պատերազմով հնարավոր է, որ Ադրբեջանը նաեւ տապալի հայ - թուրքական գործընթացը, ինչը իր շահերից է ելնում»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, մինչդեռ,
Ռիչարդ Կիրակոսյան
պարզապես բացառում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հնարավորությունը:

«Հաշվի առնելով ադրբեջանական բանակի ներկայիս անմխիթար վիճակն ու մարտունակության ցածր մակարդակը` պարզ է դառնում, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունը դատարկ սպառնալիք է: Իրականում, նրանց զինված ուժերում ցայժմ որեւէ առաջընթաց չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:

Իսկ Ադրբեջանի նախագահի նոր` ռազմաշունչ հռետորաբանությունը, քաղաքագետի համոզմամբ, այլ բան չէ, քան քաղաքական ուղերձ` Թուրքիայի եւ միջազգային հանրության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով:
XS
SM
MD
LG