Մատչելիության հղումներ

logo-print

Իտալիայի արտգործնախարարը 2010-ի առաջին կեսին կայցելի Հայաստան


Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին 2010 թվականի առաջին կեսին կայցելի Հայաստան: Այդ մասին նա հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ երեկ Հռոմում կայացած հանդիպման ժամանակ` ընդունելով հայաստանցի պաշտոնակցի հրավերը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Ֆրանկո Ֆրատինին ասել է, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախարարները զրույցել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման շուրջ, մտքեր փոխանակել միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ֆրատինին ողջունել եւ Իտալիայի աջակցությունն է հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Նա նշել է, որ Իտալիայում մեծ գոհունակությամբ են ընդունել հայ - թուրքական արձանգրությունների ստորագրումը, եւ հույս է հայտնել, որ դրանք կվավերացվեն շուտափույթ կերպով, ինչը հնարավորություն կընձեռի բացել ընդհանուր սահմանը:

Նախարարները քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման հնարավորությունը` նշելով, որ այն կնպաստի հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը:

Իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախօրեին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Հանդիպումից առաջ նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալական Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Իտալիայի Սենատ, ուր հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիի հետ:

Սենատում Հայաստանի արտգործնախարարը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ, որը կազմակերպվել էր Միջազգային հարաբերությունների իտալական կազմակերպության եւ Իտալահայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի կողմից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այցելել է նաեւ Վատիկան, ուր հանդիպել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ:

Էդվարդ Նալբանդյանը Վատիկանի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG