Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Եկել է Ղարաբաղյան հարցը կարգավորելու ժամանակը»


Աբդուլա Գյուլ
Աբդուլա Գյուլ

«Թուրքիան հաստատակամ է հարեւանների հետ ունեցած խնդիրները հարթելու հարցում», - վստահեցրել է այդ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում: Անդրադառնալով քրդական եւ հայկական հարցերին` նա ընդգծել է. - «Երբ երկրում բարձրանում է ժողովրդավարության աստիճանը` տաբուները վերանում են»:

«Ե՞րբ, ի վերջո, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները կկարողանան հատել ընդհանուր սահմանը», - իտալացի լրագրողի այս հարցին Թուրքիայի նախագահը պատասխանել է. - «Շուտով այդ խոչընդոտը կվերացվի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների արդյունքում: Իհարկե, որոշակի տեխնիկական խնդիրներ դեռեւս պետք է լուծվեն, փաստաթղթերը դեռեւս պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն դրանից հետո տեղի կունենա դեսպանների փոխանակում եւ ցամաքային սահմանի բացում: Օդային սահմանը վաղուց է բաց»:

Հայկական հարցը առնչությամբ Գյուլը նշել է, որ թուրքական կողմը հանդես է եկել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկով, որի աշխատանքին կմասնակցեն նաեւ երրորդ երկրների ներկայացուցիչները:

«Թուրքիան բացել է իր ռազմական արխիվները», - ասել է Գյուլը եւ վստահեցրել. - «Մենք պատրաստ ենք ընդունել այն եզրակացությունը, որին կհանգեն համատեղ հանձնաժողովի մասնագետները»:

«Եթե խոսենք ընդհանուր գծերով` ողջ աշխարհը փոխվում է, փոխվում է նաեւ Թուրքիան», - հայտարարել է Աբդուլա Գյուլը` հավելելով. - «Իհարկե, կան նաեւ հաշտեցմանը դեմ արտահայտվողներ: Չպետք է մոռանալ, որ այս տարաձայնությունը շարունակվում է արդեն շուրջ 100 տարի»:

Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ հայ - թուրքական սահմանի բացման հարցում առավել մեծ դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որը ակտիվ է նաեւ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում:

«Եկել է այս հարցը կարգավորելու ժամանակը: Տարածաշրջանը կայունության եւ համագործակցության կարիք ունի», - հայտարարել է Աբդուլա Գյուլը եւ հավելել. - «Հուսով եմ, որ Երեւանն ու Բաքուն կգտնեն խնդրի կարգավորման տարբերակը: Այժմ տարածաշրջանային հարցերով զբաղվում են ոչ թե երկրորդ կարգի պաշտոնյաները, այլ պետությունների ղեկավարները»:

Հրապարակելով ծավալուն հարցազրույցը` իտալական թերթը գրել է. - «Թուրքիայի նախագահ, չափավոր իսլամիստական կուսակցության անդամ Աբդուլա Գյուլը մտադիր է հանգուցալուծել իր երկրի բոլոր քաղաքական թնջուկները եւ գնում է այդ ճանապարհով դանդաղ, սակայն վստահ: Մեկ տարի առաջ Գյուլը հայտարարեց, որ չարժե բաց թողնել քրդական հարցը լուծելու բացառիկ հնարավորությունը, եւ այդ ուղղությամբ արդեն զգալի առաջընթաց է արձանագրվել: Հետո նա պաշտոնական այցով մեկնեց Բաղդադ` խախտելով ավելի քան երեք տասնամյակ շարունակված դիվանագիտական լռությունը: Եվ վերջապես, Գյուլը ընդունեց հայ պաշտոնակցի` Սերժ Սարգսյանի հրավերը եւ մեկնեց Երեւան, ինչին հետեւեց Հայաստանի նախագահի պատմական այցը Թուրքիա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG