Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ հիվանդանոցում ուրբաթ օրը մահացել է 51-ամյա մի տղամարդ, որի մոտ կասկածվում էր «խոզի գրիպ»:

Միաժամանակ, գլխավոր վարակաբանը չհաստատեց, որ մահվան պատճառը եղել է H1N1 վիրուսը. - «Եթե հիվանդանոցում կա վերակենդանացման բաժանմունք, բնականաբար` մահ էլ է լինում, փրկություն էլ: Կոնկրետ այդ հիվանդի մասին ես ինքս` լինելով գլխավոր մասնագետը, չեմ կարող հստակ ասել, ժամանակ է պետք` երեք շաբաթ, երբ կլինի հյուսվածքաբանական անալիզների պատասխանը»:

Ըստ Ասոյանի, ախտորոշումը դժվարացել է այն պատճառով, որ հիշյալ տղամարդը բժիշկներին է դիմել հիվանդության 8-9-րդ օրը։

«Այսինքն, այն ինչ որ պետք է լիներ գրիպից արդեն չկար։ Մենք ունենք ինչ-որ մի հետեւանքային վիճակ։ Ունենք բավական լուրջ փոփոխություններ թոքերում, բրոնխներում, ունենք պրոբլեմներ սրտամկանի հետ կապված։ Այս իրավիճակում ես դժվարանում եմ ասել՝ այնտեղ ինչ է։ Կասկածելի դեպք է եղել։ Կլինի հաստատ՝ կասենք», - ասաց վարակաբանը։

Արա Ասոյանը չբացառեց, որ Հայաստանում նույնպես կարող են լինել մահվան դեպքեր. - «Ցանկացած հիվանդության վերաբերյալ կա համաշխարհային ստատիստիկա։ Ամբողջ աշխարհում տալիս են, որ 1000 հիվանդից 7-8-ը մահանում են։ Հայաստանը չի կարող շեղվել այդ թվից։ Եթե կա այդ հիվանդությունը, ես չեմ բացառում, որ մեզ մոտ լինեն մահվան դեպքեր։ Թաքցնելը անիմաստ է»։

Առողջապահության նախարարության տվյալներով` նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել են «խոզի գրիպով» կասկածելի 25 հիվանդներ:

Առաջին 5 հիվանդի լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղարկվել են Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ եւ վերահաստատվել են:

Հիվանդներից 22-ը, ըստ նախարարության հաղորդագրության, բուժում ստանալուց հետո առողջացել եւ հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդների 20-25 տոկոսն է բուժվել «Տամիֆլյու» դեղորայքով։

«Խոզի գրիպի» առաջին կասկածելի դեպքերը Հայաստանում արձանագրվել էին նոյեմբերի սկզբին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG