Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը կքննարկեն նաեւ Ղարաբաղի հարցը


Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Բաքվում, 29 հունիսի, 2009

Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Բաքվում, 29 հունիսի, 2009

Մյունխենից վերադառնալով Բաքու` Ադրբեջանի նախագաh Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը մեկնում է Ուլյանովսկ։ Այցի նպատակն է մասնակցել իր հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի բացման արարողությանը, որին ներկա կլինի նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը Ուլյանովսկում քննարկելու են էներգետիկ համագործակցության թեման, բացի այդ, նրանք անպայման կանդրադառնան միջազգային հրատապ հարցերին։ «Դրանց թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։ Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, միջնորդական առաքելություն է կատարում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Երկուշաբթի օրը Բաքվում Ալիեւը ընդունել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին, ով ժամանել էր ռուս - ադրբեջանական համատեղ դրամատան` «ՎՏԲ - Ազերբայջան» բանկի բացմանը մասնակցելու համար։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրների ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կյանքում, որովհետեւ Ադրբեջան մուտք է գործում Ռուսաստանի` մեծությամբ երկրորդ բանկը, դա խթան կլինի երկու երկրների համագործակցության համար», - ասել է Նարիշկինը։

Ալիեւը, իր հերթին, հույս է հայտնել, որ բանկը հաջողությամբ կաշխատի եւ կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը։ «Ռուս - ադրբեջանական կապերը բազմակողմանի են եւ ակտիվ զարգացող», - ասել է Ադրբեջանի նախագահն ու հավելել. - «Ես Ռուսաստան եմ մեկնում նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, այնտեղ մենք կշարունակենք մեր խորհրդակցությունները»։

Ադրբեջանի ղեկավարի փոխանցմամբ` Ուլյանովսկում հանդիպումների օրակարգը հագեցած է, կողմերը խոսելու են ոչ միայն տնտեսության, այլեւ հումանիտար բնագավառում համագործակցության եւ միջկրոնական կապերի ամրապնդման մասին։

Բաքվում մեկօրյա այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինը հանդիպել է նաեւ Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ, որին պետական պարգեւ է փոխանցել։ «Ինձ համար մեծ պատիվ էր այդ հանդիպումը», - ասել է Նարիշկինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG