Մատչելիության հղումներ

Փաշինյանի դեմ առաջադրված մեղադրանքը չի խոչընդոտի նրա գրանցմանը որպես պատգամավորության թեկնածու


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ առաջադրված մեղադրանքը չի կարող խոչընդոտել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում նրա գրանցմանը որպես պատգամավորության թեկնածու։ ԼՐԱՑՎԱԾ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրամ Բախչագուլյանը երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, գրանցումը կատարվում է ավտոմատ կերպով։

Վարչական դատարանը նոյեմբերի 20-ին բավարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը ընդդեմ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, եւ պարտադրեց Իջեւանի անձնագրային բաժնին` Փաշինյանին տրամադրել տեղեկանք վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ: Ավելի վաղ, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հիշյալ բաժանմունքը հրաժարվել էր «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել` պնդելով, որ անցած տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ` նա Հայաստանում չի բնակվել:

«Անմեղության կանխավարկած»


«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը այժմ ներգրավված է մեկ այլ դատական գործընթացում` որպես մեղադրյալ: Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 20-ից ընթանում է Փաշինյանի նկատմամբ դատարավարությունը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով:

«Գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ քանի դեռ այդ համապատասխան դատավճիռը չկա, անձը համարվում է անմեղ եւ կարող է իրականացնել իր ընտրական իրավունքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը։ Նրա փոխանցմամբ, նախնական կալանքի տակ լինելը չի կարող հիմք հանդիսանալ անձի գրանցումը մերժելու համար՝ «որովհետեւ ընտրական իրավունքից զրկվում են օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները»։

Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, Փաշինյանը կմասնակցի ե՛ւ քարոզարշավին, ե՛ւ հունվարի 10-ի ընտրություններին, որովհետեւ որպես թեկնածու նրա գրանցումը կարող է չեղյալ համարվել միայն դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչը մինչեւ հունվարի 10-ը գործնականում անհնար է։

«Դեռ քննությունն ընթանում է առաջին ատյանում։ Եթե վաղը անգամ առաջին ատյանի դատարանը կայացնի դատավճիռ, դրանից հետո ինքը ունի 1 ամիս վերաքննիչի համար։ Պարզ է, որ այնտեղ 1 օրում քննություն չի կարող իրականացվել։ Հետո՝ վճռաբեկ դատարան... այսինքն՝ ինքը 2 ամիս ունի միայն բողոքարկումների համար», - պարզաբանեց սահմանադրագետը։

Բայց նույնիսկ ընտրություններում հաղթելը, ըստ Թովմասյանի, երաշխիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը կդառնա պատգամավոր։ Դրա համար դատարանը նրան պետք է արդարացնի, հակառակ դեպքում Փաշինյանը ավտոմատ կերպով կզրկվի մանդատից։

Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը օրինական դատական գործընթացի դեպքում արդարացման վճռի ակնկալիքներ ունի։ Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ, իրենց նպատակը օրինականության հաստատումն է եւ իրենք դրա համար են պայքարում։ Փաստաբանը նաեւ փոխանցեց, որ քիչ առաջ թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Բացի Փաշինյանից, փաստաթղթերը ներկայացրել են նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ու Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։ Պատգամավորության մյուս երկու հավակնորդները՝ «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը, փաստաթղթերը դեռ չեն ներկայացրել, բայց տեղեկացրեցին, որ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը՝ կներկայացնեն։

Թիվ 10-րդ ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին, իսկ թեկնածուների անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը լրանում է նոյեմբերի 26-ին:

Ավելի վաղ, թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն էր հայտնել նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը։ Ոստիկանությունը նրան նույնպես մերժել էր վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել, պատճառաբանելով, որ 2004 թվականի դեկտեմբերի 6-ից 2005-ի հուլիսը՝ մինչեւ գործի քննության կասեցումը, Մադաթյանը գտնվել է հետախուզման մեջ։ Մադաթյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով»։

Էդվարդ Մադաթյանի ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Էդվարդ Մադաթյանը չի պատրաստվում բողոքարկել ոստիկանության որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG