Մատչելիության հղումներ

Հայաստանը սպառնում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը


Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյան

«Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, եւ ռազմական գործողություններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը», - պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հերթական սպառնալից հայտարարությանը՝ երկուշաբթի ասել է Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը։

Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ եթե մյունխենյան բանակցություններն ավարտվեն անարդյունք, Ադրբեջանը այլ տարբերակ չի ունենա, քան դիմել ուժի։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սամվել Ֆարմանյանը ասել է, որ Իլհամ Ալիեւի արտահայտությունը, ուղղված լինելով Ադրբեջանի ներքին լսարանին, վկայում է «Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մասին»։

«Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, իհարկե, ամենաանցանկալի ելքն է», - ասել է նախագահի խոսնակը։ - «Աշխարհում կան ընդունված ձեւեր. նման զարգացումների դեպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը` սրանից բխող հետեւանքներով: Երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Տարբերակներ կան, եւ ես վստահ եմ, Հայաստանի Հանրապետությունը կօգտվի այդ մի քանի տարբերակներից կամ առանձին-առանձին, կամ միաժամանակ», - հայտարարել է Սամվել Ֆարմանյանը։

Կիրակի օրը շուրջ 4 ժամ շարունակված բանակցություններից հետո հրավիրած ասուլիսում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ բանակցություններում կարեւոր առաջընթաց է արձանագրվել։ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, սակայն, նշվեց, թե առաջընթացը որոշ հարցերում է գրանցվել, միեւնույն ժամանակ որոշ հարցեր դեռեւս մնում են չլուծված:

Էդուարդ Շարմազանով
Մեկնաբանելով մյունխենյան բանակցությունները՝ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին, մասնավորապես, ասաց. - «Առաջընթացը կարող է վերաբերել նրան, որ Ալիեւի հայտարարություններից հետո կողմերը կարողացել են հասնել այն հայտարարին, այն արդյունքին, որ բանակցությունները պետք է շարունակվեն եւ խնդիրը պետք է լուծվի խաղաղ քաղաքական բանակցությունների արդյունքում, որը ես առաջընթաց եմ համարում»։

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ, Ադրբեջանի նախագահը փորձեց իր հայտարարությամբ սպառնալից վիճակ ստեղծել երկու նախագահների հանդիպումից առաջ, որը, ըստ էության, առաջինն էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո։

«Ալիեւի հայտարարությունը սովորական ռազմատենչ իր հայտարարությունը չէր, այլ դրանից շատ ավելի ծանրը եւ վատը, որովհետեւ ասաց, որ եթե առաջընթաց չլինի, ուրեմն պատերազմ։ Այս էր իր հայտարարությունը», - կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատուն։

Մյունխենյան հանդիպումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունները, ըստ Մանոյանի՝ «իրականության մեջ պատասխան էին Ալիեւի հայտարարությանը»։

Կիրո Մանոյան
«Իրականում չեմ կարծում, որ այդքան մեծ առաջընթաց եղել է։ Պետք է սպասել կողմերի հայտարարություններին, հասկանալու համար, թե ինչ է խոսվել այնտեղ։ Որովհետեւ արդեն սկսվել են տեղեկության արտահոսքեր», - նաեւ ասաց Կիրո Մանոյանը։

Մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածեցին, թե իբր մյունխենյան հանդիպման ժամանակ խոսվել է, որ հայերը մինչեւ տարեվերջ կարող են ազատել Քելբաջարի շրջանը։ Ի պատասխան, Հայաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, թե նման հարց չի քննարկվում, հետեւաբար, նման պայմանավորվածություն լինել չի կարող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG