Մատչելիության հղումներ

Մյունխենում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները


Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ, Սանկտ Պետերբուրգ, հունիս, 2009

Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ, Սանկտ Պետերբուրգ, հունիս, 2009

Մյունխենում` Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում, կիրակի օրը կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական` այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ հանդիպումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Բանակցությունները շարունակվեցին մոտ չորս ժամ: Հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ֊ի Մինսկի խմբի միջնորդները, նշելով, թե խնդրի քննարկումն անցել է կառուցողական մթնոլորտում:

«Առաջին անգամ քննարկվել են հարցեր, որոնց նախկինում անդրադարձ չէր եղել», - հայտարարեցին Մինսկի խմբի համանախագահները` ընդգծելով. - «Այն փաստը, որ հանդիպումը շարունակվել է չորս ժամ, վկայում է բանակցությունների բովանդակային խորության մասին»:

Բանակցությունների նախօրեին` անցած ուրբաթ, Ադրբեջանի նախագահը հանդես էր եկել, փորձագետների գնահատականով, արտառոց հայտարարությամբ, նշելով, թե «վճռորոշ» է համարում մյունխենյան հանդիպումը:

«Այդ հանդիպումը պետք է վճռորոշ դերակատարություն ունենա բանակցությունների գործընթացում», - հայտարարել էր Ալիեւը եւ ընդգծել. - «Եթե հանդիպումն ավարտվի անարդյունք, բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, ու մենք այլ տարբերակներ չենք ունենա, քան պատրաստվել պատերազմի»:

Ադրբեջանի առաջնորդի այս հայտարարությունը հայտնվել էր արեւմտյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որոնք կիրակի լուսաբանում էին Ալիեւ - Սարգսյան հանդիպումը:

Պատասխանելով լրագրողների հարցին` ինչպես են համանախագահները գնահատում Իլհամ Ալիեւի հայտարարությունը պատերազմի հնարավոր վերսկսման մասին, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն ասաց. - «Մենք փոխանցել ենք կողմերին մեր երկրների հստակ դիրքորոշումն այն մասին, որ այս զգայուն փուլում անհրաժեշտ է զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են խափանել բանակցությունները»:

«Մենք հստակ ընդգծեցինք, որ պատերազմը ոչ մի կերպ չի կարող խնդրի կարգավորման այլընտրանք լինել», - հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:

Միջնորդները հայտնեցին նաեւ, որ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանձնարարել են իրենց շարունակել աշխատանքը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բանակցային գործընթացում հերթական հանդիպումը, ըստ համանախագահների, տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների միջեւ դեկտեմբերի սկզբին` ԵԱՀԿ֊ի նախարարների խորհրդի տարեկան հանդիպումից առաջ:

Սա երկու առաջնորդների միջեւ վեցերորդ հանդիպումն էր այս տարվա ընթացքում, եւ առաջինը` հայ - թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG