Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 21-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մյունխենյան հանդիպումը բացառիկ է լինելու առաջին հերթին հետեւյալ պատճառով: Բանն այն է, որ բոլոր նախորդ հանդիպումների ժամանակ ադրբեջանցիները անպայման ձգտում էին, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի կամ գոնե համատեղ հայտարարություն արվի, իսկ հայկական կողմը, ճիշտ հակառակը, մեծագույն դիվանագիտական հաղթանակ էր համարում, եթե հաջողվում էր առանց որեւէ փաստաթղթի կամ հայտարարության «գլուխը պրծացնել»: Այս անգամ իրավիճակը տրամագծորեն հակառակն է: Հիմա մեզ ձեռնտու է, որ ինչ-որ (ցանկալի է՝ ձեւական) փաստաթուղթ ստորագրվի, որպեսզի Թուրքիայի խորհրդարանը դա հիմք ընդունի եւ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ Ադրբեջանը պիտի ձգտի այնպես անել, որ ոչ մի ձեւական առաջընթաց չարձանագրվի, որպեսզի հետո աղմուկ բարձրացնեն, դժգոհեն առաջընթացի բացակայությունից եւ դրանով իսկ փորձեն կանխել հայ-թուրքական սահմանի բացումը»:

«Ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «Ըստ Էդուարդ Նալբանդյանի, մի բան է, որ Ստեփանակերտին առաջարկները ցույց է տալիս Երեւանը, մեկ այլ բան՝ երբ դա պաշտոնապես ներկայացնում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Այսինքն՝ ստացվում է, որ Երեւանը Մադրիդյան առաջարկները ներկայացնում է Ստեփանակերտին, բայց ասում է, որ Ստեփանակերտը այդ մասին ոչ մեկին չասի՝ «սուխոյ ատկազ» գա: Բանն այն է, որ Երեւանն ինքն է ասում, որ առաջարկները ներկայացրել է Ստեփանակերտին: Հետեւաբար, եթե Մինսկի խմբի համանախագահները գիտեն, որ Ստեփանակերտը ստացել է առաջարկները, էլ ինչու պիտի ավելորդ էներգիա վատնեն, թղթեր լրացնեն եւ դրանք Ղարաբաղ ուղարկեն պաշտոնապես: Չէ՞ որ Երեւանն է Ստեփանակերտին փոխարինում բանակցությունների ընթացքում, ուրեմն Երեւանն էլ թող հոգա Ստեփանակերտի տեղեկացվածության խնդիրը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - « Իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանը բաց տեքստով կոչ արեց Սերժ Սարգսյանին համագործակցել իր հետ։ Որեւէ արձագանք նախագահի կողմից չհաջորդեց։ Այնուհետ համագործակցության անհրաժեշտության մասին սկսեցին խոսել ուրիշները։ Ըստ որում՝ վերջնագրի ձեւով։ Որեւէ արձագանք նախագահի կողմից չհաջորդեց։ Արդյունքում ազատագրական շարժման դոմինանտից ազդանշանը սկսեց շղթայաբար փոխանցվել եւ ի վերջո ձեռք բերեց բացահայտ շանտաժի տեսք։ Տեսեք, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը արդեն միավորվել եւ պատրաստվում են հանդես գալ նախագահի դեմ, Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը նույնպես դեմ են նրան։ Ուզո՞ւմ ես փրկվել. միակ ճանապարհը Տեր-Պետրոսյանի եւ նրա ՀԱԿ-ի հետ համագործակցությունն է։ Հակառակ դեպքում՝ կկործանվես»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առավոտ»-ին ասում է. - «Ինչ վերաբերում է թե' Երեւանի ավագանիում եւ թե' խորհրդարանում կարծիքների որոշակի բախումներին, ապա կոալիցիայի անդամ լինել, չի նշանակում լինել սիամական երկվորյակներ եւ բոլոր հարցերի վերաբերյալ միշտ եւ բոլոր դեպքերում ունենալ միատեսակ դիրքորոշում: «Բարգավաճ Հայաստան»-ը սկզբունքային իր բոլոր որոշումներում եւ իր դիրքորոշումներն ու տեսակետները հայտնում է թե' Երեւանի ավագանիում եւ թե' Ազգային ժողովում: Եվ անկախ այն բանից, թե դրանք ում դիրքորոշումների հետ են համընկնում կամ չեն համընկնում, ում են դուր գալիս կամ ոչ, մենք շարունակում ենք սկզբունքային լինել բոլոր հարցերում»: Պատգամավորը շարունակում է. - «Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ցանկացած որոշումը իրականացնում է հրապարակավ՝ առանց ինտրիգների եւ խարդավանքների: Եվ եթե Ծառուկյանը ասում է, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանի կողքին է՝ ուրեմն դա միանշանակ այդպես է: Ուստի տարբեր սոուսներով տարբեր սցենարներ հյուսողները լավ կլիներ զբաղվեին սեփական պատվիրատուների ականջները քողարկելով, որոնք ուղղակի ծածանվում են անհաջող թխված նյութերի տակից»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Վարչապետ աշխատող Սարգսյանը նոր նշանակություն տվեց «սեզոնայնությանը», որովհետեւ նոյեմբերին եւ հունվարին նրա մոտ մենաշնորհների դեմ պայքարելու, խոշոր բիզնեսը հարկելու անդիմադրելի ցանկություն է առաջանում: Որ գործ ունենք սեզոնային սրացման հետ՝ ակնհայտ է դառնում այն բանից, թե ինչպես է վարչապետը պայքարում մենաշնորհների դեմ եւ ինչպես է հարկում խոշոր բիզնեսը՝ նոյեմբերից հունվար եւ հունվարից նոյեմբեր: Այս ժամանակահատվածում օլիգարխների գերշահույթները գերթափով աճում են, վարչապետի կառավարությունը ամեն ինչ անում է այդ պրոցեսին նպաստելու համար: Ամեն ինչ արվում է, որ Հայաստանում օլիգարխները էժան դոլարներ գնեն, տանեն եվրոպաներում գույք առնեն, բայց հունվարին ու նոյեմբերին Տիգրան Սարգսյանի մոտ, գրեթե ճշգրիտ ցիկլով, սկսվում է մենաշնորհների դեմ խոսելու շաբաթը: Ոչ ոք իրականում վարչապետին չի խանգարում պատշաճ ձեւով պայքար մղել հարկերից «չորով» խուսափողների դեմ: Չորով խուսափողներին պետք է չորով էլ հարկել, եւ սա անելու համար ընդամենը ժամեր, լավ՝ թեկուզ օրեր են հարկավոր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG