Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ագոյի խմբի պատվիրակությունը


Հայաստանում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակությունը` Եվրախորհրդում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:

Պատվիրակությանը այսօր ընդունել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը Ագոյի խմբին է ներկայացրել 2008 թվականի ընտրություններին հաջորդած զարգացումները եւ մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: «Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները` կողմերը համաձայնեցին, որ այդ բնագավառում լուրջ առաջընթաց է արձանագրվել: Զրուցակիցները նաեւ համաձայնեցին, որ այդ առաջընթացն ամրապնդելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը` խրախուսելով հասարակության վստահությունը պետական հաստատությունների հանդեպ եւ հանրային համաձայնության ձեւավորումը», - ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ հայ - թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին:

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից տեղեկացնում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Եվրախորհրդի դեսպանների ուշադրությունն է հրավիրել «Հայաստանում ժողովրդավարության վիճակի, Եվրախորհրդին անդամակցելուց առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման` մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի, լրատվամիջոցների ազատության, ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւերի իրականացման գործընթացի վրա», քննարկվել են «Հայաստանում կոռուպցիայի տարածման, դրա հաղթահարման ուղիները, Հայաստանում տնտեսական համակարգի եւ ճգնաժամի նախադեպը չունեցող խորության պատճառները»:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG