Մատչելիության հղումներ

Եվրադատարանը մերժել է Մուրադ Բոջոլյանի հայցը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին մերժել է Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով Հայաստանում 10 տարվա ազատազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանի հայցը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Եվրադատարանում Բոջոլյանի ներկայացուցիչ Արայիկ Ղազարյանը: ԼՐԱՑՎԱԾ

«Եվրոպական դատարանը մեղքի մասին հարցը չի լուծում, ուստի մենք նման ձեւակերպումով չէինք դիմել դատարանին, որ անմեղ ճանաչի Մուրադ Բոջոլյանին, ուղղակի դիմել էինք` հայտարարելով, որ խախտվել է [Մարդու իրավունքների եվրոպական] Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որովհետեւ նրա իրավունքներին եղել է միջամտություն, որը օրենքով չի եղել, եւ անհամաչափ միջամտություն է եղել` սա է եղել մեր ձեւակերպումը: Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որով մերժել է այդ գանգատի ընդունելության հարցը` մեծամասնությամբ, այսինքն` միաձայն չի եղել», - մանրամասնեց Արայիկ Ղազարյանը:

Ինքը՝ Մուրադ Բոջոլյանը համոզված է եւ բազմիցս հայտարարել է, որ դատապարտվել է լրագրողական գործունեության արդյունքում, եւ տեղեկությունները, որ ինքը, իբր, փոխանցել է թուրքական հատուկ ծառայություններին, պետական կամ ռազմական գաղտնիք չէին կարող հանդիսանալ, քանի որ այդ տեղեկությունները ինքը որպես լրագրող վերցրել է հանրային աղբյուրներից:

Մինչդեռ, նրա փաստաբանի փոխանցմամբ` «դատարանը գտել է, որ տեղեկությունը, որ Մուրադ Բոջոլյանը փոխանցել է թուրքական MIT-ին (գաղտնի ծառայությանը), պետական գաղտնիք չէր, բայց փոխանցել է գործի փաստերով այլ տեղեկություններ, այսինքն` նույնիսկ եթե այդ տեղեկությունը պետական գաղտնիք չէ, դրա արդեն իսկ փոխանցումը օտարերկրյա հատուկ ծառայություններին հիմք է, որպեսզի պետական մարմինները միջամտեն եւ դատապարտեն 10 տարվա ազատազրկման»:

Ղազարյանի վկայությամբ` Եվրադատարանի վճռի բողոքարկման հնարավորություն չկա. - «Քանի որ սա ընդունելության մասին որոշում է, ճիշտ է, ընդունելության մասին որոշումը գործի էության հետ է լուծել, բայց ընթացակարգը թույլ չի տալիս բողոքարկել: Եթե սա լիներ վճիռ` այդ դեպքում հնարավոր կլիներ բողոքարկել Մեծ պալատ: Որոշման վերնագիրն է «Ընդունելության մասին որոշում», որի մեջ անդրադարձել է նաեւ գործի էությանը, այսինքն` բովանդակային իմաստով սա որոշում է ե'ւ ընդունելության, ե'ւ գործի էության մասին»:

Մուրադ Բոջոլյանը անազատության մեջ է 2002 թվականի հունվարից: Նա Եվրադատարան էր դիմել դեռ 2003 թվականին:

Բոջոլյանի դուստրը՝ Ալինա Բոջոլյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ շարունակելու են պայքարել. - «Ամեն ինչ անելու ենք, որ հասնենք արդարության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG