Մատչելիության հղումներ

Թուրքիան նախագահի ընտրությունների անցկացման նոր մոդել է մշակում


Առաջիկա նախագահական ընտրություններում, որոնց ընթացքում ժողովուրդն առաջին անգամ ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի ընտրությամբ նախագահ ընտրելու հնարավորություն ունի, Թուրքիան շրջվել է դեպի դրանց անցկացման ամերիկյան մոդելը, տեղեկացնում է «Զաման» պարբերականը: Թերթի մեկնաբանի տեղեկություններով` մոտ ապագայում ընտրությունների նոր կարգ սահմանող օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Թուրքիայի կառավարությունը որոշել է այեւս չֆինանսավորել նախագահի թեկնածուների քարոզարշավը, եւ իբրեւ հարցի լուծում ընտրվել է Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ կիրառվող մոդելը, այն է` թեկնածուները իրենց քարոզարշավի ծախսերը պետք է հոգան քաղաքացիների նվիրատվությունների հաշվին եւ ոչ թե` պետության: Յուրաքանչյուր թեկնածու բանկում կունենա իր հաշվեհամարը, որի մուտքերը, նաեւ` ծախսերը, լիովին թափանցիկ եւ վերահսկելի կլինեն:

Կազմվել է նաեւ ցանկ, որում կոնկրետ նշված են այն կազմակերպություններն ու անհատները, որոնցից նախագահի թեկնածուն չի կարող ընդունել նվիրատվություն. իրավունք չունի ընդունել օգնություն միջազգային կառույցներից, այլ պետություններից, նաեւ` իրավաբանական այն անձանցից կամ քաղաքացիներից, ովքեր չունեն Թուրքիայի քաղաքացիություն:

26 կետից բաղկացած օրինագիծը, բացի ընտրությունների ֆինանսական մասից, նաեւ թեկնածունների առաջադրման կարգին առնչվող մի քանի այլ հարցեր էլ է կարգավորելու. օրինակ, որ նախագահի թեկնածու գրանցվելու համար պետք է լրացած լինի անձի 40 տարին, նա նաեւ պետք է բարձրագույն կրթություն ստացած լինի:

Նախագահի ընտրության ժամկետի հարցը ավելի վաղ էր որոշվել` մոտ երկու տարի առաջ երկրում անցկացված հանրաքվեի ժամանակ, որով նաեւ սահմանվել էր, որ Թուրքիայում նախագահը 5 տարի ժամետով է ընտրվում, կարող է պաշտոնավարել երկու անգամից ոչ ավելի:

Ընտրությունների առաջին փուլում հաղթող դառնալու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների ձայների 51 տոկոսը, հակառակ դեպքում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները: Ընտրություններն անցկացվելու են դատական համակարգի վերահսկողությամբ:

Թուրքիայում նախագահական հաջորդ ընտրությունները 2012 թվականին են անցկացվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG