Մատչելիության հղումներ

Բելգիացի Հերման Վան Ռոմպյուին` Եվրամիության նախագահ, Քեթրին Աշթոնը` բարձրագույն ներկայացուցիչ


Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի երեկոյան Բրյուսելում գումարած արտահերթ ժողովում Միության նախագահ են ընտրել Բելգիայի ներկայիս վարչապետին` 62-ամյա Հերման Վան Ռոմպյուիին:

Բարձրագույն ներկայացուցիչ է ընտրվել Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար, 53-ամյա բրիտանուհի բարոնուհի Քեթրին Աշթոնը։

Եվրամիության նախագահի եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչի, այլ կերպ ասած` արտգործնախարարի պաշտոնները ստեղծվել են համաձայն Եվրամիության բարեփոխման Լիսաբոնի պայմանագրի, որն այլեւս վավերացրել են բոլոր 27 անդամ պետությունները եւ որը ուժի մեջ է մտնում այս տարվա դեկտեմբերի 1-ին։

Երկուեւկես տարի ժամկետով պաշտոնը ստանձնող նախագահը կարող է ընտրվել միայն երկու անգամ։ Նա ներկայացնելու է Եվրամիության դիրքորոշումը արտաքին քաղաքականության եւ անվտանգության ասպարեզում։ Վան Ռոմպյուիի պաշտոնավարումը սկսվելու է 2010 թվականի հունվարի 1-ից։

Քաղաքական մեկնաբանների փոխանցմամբ` Հերման Վան Ռոմպյուին խստորեն ընդդիմանում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին։

Բարձրագույն ներկայացուցիչն ընտրվում է 5 տարով։ Ի տարբերություն Հերման Վան Ռոմպյուիի, Քեթրին Աշթոնի նշանակումը դեռ պետք է վավերացվի։ Աշթոնը նաեւ դառնալու է Եվրամիության գործադիր մարմնի` Եվրահանձնաժողովի փոխնախագահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG