Մատչելիության հղումներ

Բելգիացի Հերման Վան Ռոմպյուին` Եվրամիության նախագահ


Հերման Վան Ռոմպյուի
Հերման Վան Ռոմպյուի

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի երեկոյան Բրյուսելում գումարած արտահերթ ժողովում Միության նախագահ են ընտրել Բելգիայի ներկայիս վարչապետին` 62-ամյա Հերման Վան Ռոմպյուիին:

27 երկրների ղեկավարները նախ հավաքվել էին ընթրիքի սեղանի շուրջ, ապա ընտրությունը կատարել։ Երկու միջոցառումներն էլ ղեկավարել է Եվրամիության նախագահող երկրի` Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելթը, ով նախօրեին խոստովանել է, որ անցած 24 ժամում անընդհատ նստած է եղել հեռախոսի մոտ եւ բանակցել մնացած 26 երկրների ղեկավարների հետ։

Եվրամիության տարբեր երկրներ սատարել են տարբեր թեկնածուների, վերջապես, փոխզիջում է կայացել` ի օգուտ Հերման Վան Ռոմպյուիի։ Դա հնարավոր է դարձել, երբ Մեծ Բրիտանիան համաձայնել է չպնդել նախագահի պաշտոնում երկրի նախկին վարչապետ Թոնի Բլեյրին ընտրելու առաջարկը։

Բարձրագույն ներկայացուցիչ է ընտրվել Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար, 53-ամյա բրիտանուհի բարոնուհի Քեթրին Աշթոնը։

Եվրամիության նախագահի եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչի, այլ կերպ ասած` արտգործնախարարի պաշտոնները ստեղծվել են համաձայն Եվրամիության բարեփոխման Լիսաբոնի պայմանագրի, որն այլեւս վավերացրել են բոլոր 27 անդամ պետությունները։ Իր էությամբ, սակայն ոչ պաշտոնական կարգավիճակով Եվրամիության սահմանադրությունը հանդիսացող այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այս տարվա դեկտեմբերի 1-ին։

Երկուեւկես տարի ժամկետով պաշտոնը ստանձնող նախագահը կարող է ընտրվել միայն երկու անգամ։ Նա ներկայացնելու է Եվրամիության դիրքորոշումը արտաքին քաղաքականության եւ անվտանգության ասպարեզում։ Վան Ռոմպյուիի պաշտոնավարումը սկսվելու է 2010 թվականի հունվարի 1-ից։

Հերման Վան Ռոմպյուին համալսարանում ուսանել է փիլիսոփայություն եւ տնտեսագիտություն, գրականության մեծ սիրահար է, դավանանքով կաթոլիկ է, ունի 4 երեխա: Եվրոպայի «առաջին տիկնոջ» անունն է Գիտրուի։

Քաղաքական մեկնաբանների փոխանցմամբ` Հերման Վան Ռոմպյուին խստորեն ընդդիմանում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին։

Բարձրագույն ներկայացուցիչն ընտրվում է 5 տարով։ Քեթրին Աշթոնը սովորել է Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության բաժնում։ Ամուսնացած է քաղաքական մեկնաբան Փիթեր Քելների հետ, ունի 5 երեխա, որոնցից 3-ը որդեգրած են։

Նա փոխարինում է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ներկայիս գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանային եւ ղեկավարելու է այսպես կոչված արտաքին գործողության ծառայությունը, այսինքն` Եվրամիության դիվանագիտական կորպուսը, որը կունենա ներկայացուցչություններ արտասահմանում։

Ի տարբերություն Հերման Վան Ռոմպյուիի, Քեթրին Աշթոնի նշանակումը դեռ պետք է վավերացվի։ Աշթոնը նաեւ դառնալու է Եվրամիության գործադիր մարմնի` Եվրահանձնաժողովի փոխնախագահ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն մինչեւ նոյեմբերի վերջը կամ դեկտեմբերի սկիզբը ձեւավորելու է իր ղեկավարած կառույցի նոր կազմը` մեկական ներկայացուցիչ 27 անդամ երկրներից։ Կազմը պետք է վավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից դեկտեմբերին կամ հունվարին։ Ենթադրվում է, որ նոր Եվրահանձնաժողովը կսկսի աշխատել 2010-ի փետրվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG