Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 20-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը անդրադառնում է սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանի պաշտոնանկությանը՝ գրելով. - «Պետության կառավարման առանցքային պաշտոններից մեկն զբաղեցնող մարդը հրաժարական է տալիս։ Իրավունք ունի՞ հասարակությունը, գոնե ընդհանուր գծերով տեղեկանալու եւ պատկերացում կազմելու, թե այդ ի՞նչ խնդիրներ էին, որ խնդիրներ հարուցեցին պաշտոնյայի հետագա պաշտոնավարման համար։ Սակայն ո՞վ է բացատրողը։ Այդ էր պակաս, որ մեզանում որեւէ պաշտոնյա կամ կուսակցապետ բարեհաճի ինչ-որ բան բացատրել։ Դրեցին ինչ-որ մեկին ինչ-որ տեղում։ Հետո հանեցին։ Ընդ որում, այդ «հետոն» ընդամենը մի քանի ամիս անց էր։ Կարեւորը՝ մեկ ուրիշին շատ արագ բերին-դրին։ Մի քանի ամիս անց էլ, երեւի նրան կհանեն։ Եւ այդպես շարունակ։ Եթե ավելի խիստ մոտենանք ու իրերն իրենց անուններով կոչենք, ապա տպավորությունն այն է, թե այդ մարդիկ երեխա ժամանակ «տունտունիկ» խաղից հավեսները չեն հանել։ Ու հիմա հավեսի են ընկել. այսօր դրեցինք, վաղը հանեցինք»։

«Ժամանակ»-ը գրում է. - «2007 թվականին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի 400 հազար անդամ, բայց ընտրությանը ստացավ ընդամենը 200 հազար ձայն՝ կառավարող կոալիցիայում տեղ գտնելու հարցում մնալով բացարձակ մեծամասնություն շահած Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ողորմածությանը: Քաղաքապետի ընտրությանը «Բարգավաճ»-ը նույնիսկ կոալիցիայի չկարողացավ հասնել: Կարելի է պատկերացնել, թե այդ դինամիկան ուր կհասցնի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճակատագիրը 2012 թվականին: Թերեւս ավելի հեռուն, քան Արթուր Բաղդասարյանինը: Իսկ մեծ հարստությունն ու կապիտալը այդ դեպքում Գագիկ Ծառուկյանին ոչ այնքան օգուտ կարող են բերել, որքան ուղղակի դարձնել ցանկալի թիրախ այն օլիգարխների համար, ովքեր այժմ համալրել են Սերժ Սարգսյանի մտերիմների շարքերը եւ սպասում են տնտեսության նոր վերաբաժանման»:

«Իրավունք»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Իսկ եթե, այնուամենայնիվ, Ազգային ժողովը վավերացնի արձանագրությունները, ո՞րն է լինելու Դաշնակցության հաջորդ քայլը»: Ռուստամյանը պատասխանում է. - «Այդ դեպքում մենք կգնանք գործընթացը չեղյալ հայտարարելու ճանապարհով, որը շատ ավելի դժվար կլինի, քանի որ գործ ենք ունենալու միջազգային նորմերի հետ: Բայց եւ այնպես՝ չեղյալ հայտարարելու պրոցես, որի միակ միջոցը, ըստ իս, լինելու է իշխանափոխությունը: Այսինքն՝ իշխանափոխության նախապատրաստումը, այս իմաստով, մեր զուգահեռ խնդիրն է»: Իսկ հարցին, թե մոտ ապագայում Հայաստանում իշխանափոխությո՞ւն է լինելու, դաշնակցական պատգամավորը արձագանքել է. - «Իշխանափոխությունը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մխրճված են եղել այս գործի մեջ՝ նախագահ, Ազգային ժողով, Կառավարություն»: Լրագրողը մյուս հարցին՝ «հիմա դուք շտապում եք իշխանափոխությո՞ւն անելու, թե՞ ուզում եք վիժեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը», Ռուստամյանը պատասխանել է. - «Եթե վատագույն սցենարով գնան հայ-թուրքական հարաբերությունները, ապա մենք արդեն գործի կդնենք բոլոր միջոցները, որպեսզի օր առաջ այս սխալները շտկենք, որովհետեւ այդ դառը պտուղները մենք հետագայում էլ ենք զգալու»:

«Առավոտ»-ի հետ զրուցել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ինչ-որ չափով աննախադեպ է, որ համաշխարհային ուժային կենտրոնները միակարծիք են եւ արտահայտում են իրենց շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Մյուս կողմից՝ որեւէ պետությանը իր կամքին եւ շահերին դեմ քայլեր պարտադրելը լինում է բացառիկ դեպքերում: Եվ սա այն դեպքը չէ: Հայաստանը նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը՝ ելնելով ոչ թե այլ պետություններին հաճոյանալու կամ նրանց թելադրանքով առաջնորդվելու մոտեցումից, այլ սեփական շահերից: Կարծում եմ՝ նույն մոտեցումով է առաջնորդվում նաեւ Թուրքիան, եւ դա Թուրքիայի համար ոչ միայն Եվրամիությանը հնարավոր անդամակցության հեռանկարն է», - ասել է փոխարտգործնախարարը: - «Վավերացման դեպքում Հայաստանի համար շահեկան են հաղորդակցման ուղիների դիվերսիֆիկացիան, արտահանվող եւ ներմուծվող ապրանքների համար ավելի շահեկան պայմանների ստեղծումը, տարածաշրջանում կայունության եւ իրադարձությունների զարգացման կանխատեսելիության ավելացումը»:

Իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցած Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը ասում է. - «Իմ փորձից կարող եմ ասել, որ նախկինում եղած բոլոր առաջարկները՝ թե' փաթեթային տարբերակը, թե' փուլային տարբերակը, թե' «ընդհանուր պետության» տարբերակը, ղարաբաղյան կողմը միշտ պաշտոնապես ստացել է միջնորդներից՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից: Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա մեր պաշտոնյաները եւ նաեւ՝ Հայաստանի պաշտոնյաները միշտ ասում են, որ գործընթացի մասին Հայաստանի իշխանությունները տեղյակ են պահում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Եվ իհարկե, մեր իշխանությունները իրազեկված են՝ առնվազն այն 6 սկզբունքների մասին, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում: Այսինքն՝ այդ սկզբունքները Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար չեն կարող գաղտնիք լինել: Գուցե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն փոխանցել այդ սկզբունքները Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, դա հնարավոր է: Բայց որ նրանք իրազեկված չեն՝ դա հնարավոր չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG