Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շաբաթավերջին կհանդիպեն Մյունխենում


Մոլդովա -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (աջից) հանդիպում է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Քիշնեւում, 9-ը հոկտեմբերի, 2009թ.
Մոլդովա -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (աջից) հանդիպում է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Քիշնեւում, 9-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը խորհրդարանում հայտնել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը կայանալու է այս շաբաթավերջին Մյունխենում:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության շրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ հայտարարել էին, թե հավանական է, որ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի ունենա ընթացիկ նոյեմբերի վերջին` եվրոպական քաղաքներից մեկում, սակայն չէին հստակեցրել հանդիպման կոնկրետ օրը եւ վայրը։

Ադրբեջանական Trend գործակալությունը, հղում կատարելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, հինգշաբթի հաղորդել է, որ հայտնի է նաեւ նախագահների հանդիպման կոնկրետ ամսաթիվը։

«Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Մյունխենում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախագահների մասնակցությամբ», - գործակալությանը հաղորդել է բարձրաստիճան պաշտոնյան։

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ՝ թվով 7-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 9-ին՝ Քիշնեւում, ԱՊՀ-ի երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովի շրջանակում։

«Դրական դինամիկա»


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Քիշինեւում անցկացված բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մի շարք առիթներով դժգոհություն է հայտնել հայկական կողմի դիրքորոշումներից՝ ասելով, որ կողմերը շարունակում են քննարկել նույն սկզբունքները, որոնք բանակցային սեղանի վրա են վերջին 5 տարիներին։

«Կան հարցեր, որոնք ադրբեջանական կողմը լուծված է համարել, բայց հայկական կողմը դրանք կրկին դարձրել է բանակցությունների առարկա», - ասել էր Մամեդյարովը՝ դժգոհելով, որ հայկական կողմի դիրքորոշումը «դանդաղեցնում է բանակցությունների ընթացքը»։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ադրբեջանական կողմի այդ հայտարարության առնչությամբ պատասխանել էր. - «Բանակցությունները շարունակվում են, եւ եթե շարունակվում են, եթե երկու կողմն էլ պատրաստակամություն են հայտնում շարունակել, ուրեմն` քննարկում են հարցերը այն ձեւով, ինչպես որ գոհացնում է երկու կողմին շարունակել բանակցությունները»:

Երկու նախագահների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե առաջիկա օրերին նախատեսվող հանդիպումից Ադրբեջանը ակնկալում է «փոփոխություն հակառակ կողմի դիրքորոշումներում»:

«Չնայած հայկական կողմը հայտարարում է հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին, բայց մենք չենք տեսնում, որ նրանց դիրքորոշումները համապատասխանում են միջազգային նորմերին», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը` հավելելով. - «Հակառակը, հայկական կողմի դիրքորոշումներում մենք հետընթաց ենք տեսնում»:

Իր հերթին, Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի ասել էր, որ ղարաբաղյան գործընթացում նկատվում է դրական դինամիկա՝ «ինչի մասին վկայում է այն, որ 1,5 տարվա մեջ 7 անգամ նախագահները հանդիպել են. եթե դինամիկա չլիներ, նախագահների հանդիպման անհարժեշտություն էլ չէր լինի»։

ԵՄ-ն ու Ռուսաստանը եկել են ընդհանուր հայտարարի


Հարավային Կովկասում առկա միակ խնդիրը, որի շուրջ Ռուսաստանն ու Եվրամիությունը կարողացել են գալ ընդհանուր հայտարարի, Լեռնային Ղարաբաղն է: Այդ մասին չորեքշաբթի օրը Ստոկհոլմում` Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովի ավարտին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մենք քննարկել են Անդրկովկասում առկա խնդիրները: Մենք, մասնավորապես, քննարկել ենք այն գործընթացը, որ ծավալվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ` ուղղված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Այստեղ դրական տեղաշարժեր կան, եւ սա հենց այն օրինակն է, թե ինչպես ենք կարող համագործակցել: Ավելին, սա օրինակ է, թե ինչպես կարող էինք համագործակցել, եթե անցած տարվա հայտնի [վրացական] ագրեսիան չլիներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Նույն օրը, Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիեւը անդրադարձել է բանակցային գործընթացին եւ դժգոհել է միջազգային հանրությունից ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունից՝ ասելով, թե նմանատիպ ուրիշ հակամարտություններում միջազգային ուժերը միջամտում են, տեղի է ունենում ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական միջամտություն խնդիրները կարգավորելու համար. - «Բայց տվյալ դեպքում դա չկա»։

«Մենք բանակցություններ ենք վարում, բայց միաժամանակ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ռազմական ճանապարհով ազատելու մեր հողերը», - հայտարարել է Իլհամ Ալիեւը։

«Ֆորմալ առումով շաղկապված չեն»


Ղարաբաղյան կարգավորմանն ու հայ - թուրքական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված զարգացումներին անդրադարձել է նաեւ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը։ Շվեյցարիայի արտգործնախարարը, չորեքշաբթի օրը Ստրասբուրգում ստանձնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ղեկավարի լիազորությունները, ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ասել է. - «Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում թե՛ Թուրքիան եւ թե՛ Հայաստանը կվավերացնեն արձանագրութունները: Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ - թուրքական մերձեցումը միմյանց հետ ֆորմալ առումով շաղկապված չեն»:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը: Մյուս գործընթացը, որում որպես միջնորդ հանդես է գալիս Շվեյցարիան, նախատեսում է հայ - թուրքական հարաբերությունների բարելավում: Բնական է, որ գործընթացներից մեկում արձանագրվող առաջընթացը դրական է ազդելու մյուս գործընթացի վրա», - հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարը:

Թեմային անդրադարձել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով խորհրդարանական հարցուպատասխանի ժամին չորեքշաբթի մեկ անգամ եւս հերքել է հայ-թուրքական զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման միջեւ կապը։

«Թուրքերը կարող են այդ փորձերը անել. բայց ո՞վ է կապելու, ո՞վ է թույլ տալու կապել: Ո'չ Հայաստանը, ո'չ Լեռնային Ղարաբաղը, ո'չ էլ միջազգային հանրությունը, հատկապես՝ եռանախագահները», - հայտարարել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG