Մատչելիության հղումներ

Փլուզվել է Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին


Լուսանկարը` Վիրահայոց թեմի մամլո դիվանի
Լուսանկարը` Վիրահայոց թեմի մամլո դիվանի

Կեսգիշերին փլուզվել է Թբիլիսիի` 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցին: Հաղորդելով այդ մասին` Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամլո դիվանը տեղի ունեցածի համար պատասխանատու է համարում Վրաստանի պետական կառույցներին:

Վիրահայոց թեմի մամլո դիվանի հաղորդագրության համաձայն` Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի եւ թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաեւ մամուլի միջոցով: «Ավաղ, բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գեւորգը Թիֆլիսի Նորաշեն, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երեւանցոց Սուրբ Մինաս եւ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Հարկ է նշել, որ սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցոց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին», - ասված է հաղորդագրությունում:

Վիրահայոց թեմի կարծիքով` «այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին»:

«Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը եւ իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարեւոր հուշարձանները», - ասված է հաղորդագրությունում:

Վիրահայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ` Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին1763 թվականին հիշատակվել է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: 1789 թվականին եկեղեցու արեւմտյան մասում կառուցվել է զանգակատունը: 1795 թվականին եկեղեցին թալանվել է պարսիկների կողմից, բայց շնորհիվ Գրիգոր ավագ քահանա Տեր-Շմավոնյանի հնարավոր է դարձել պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը: 1852-93 թվականներին եկեղեցում կատարվել են մասնակի նորոգություններ: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված մանկավարժ-խմբագիր Նիկողայոս Խոտորյանը, բարեգործ Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, եկեղեցու սպասավորներ: Խորհրդային տարիներին փակվելով՝ եկեղեցին վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990 թվականին, որակվելով որպես վթարային եւ ոչ ենթակա վերանորոգման, փակվել է վերջնականապես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG