Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Ղարաբաղի շուրջ Ռուսաստանը եւ Եվրամիությունը կարողացել են գալ ընդհանուր հայտարարի»


Դմիտրի Մեդվեդեւը ԵՄ - Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ, Ստոկհոլմ, 18 նոյեմբերի, 2009
Դմիտրի Մեդվեդեւը ԵՄ - Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ, Ստոկհոլմ, 18 նոյեմբերի, 2009

Հարավային Կովկասում առկա միակ խնդիրը, որի շուրջ Ռուսաստանն ու Եվրամիությունը կարողացել են գալ ընդհանուր հայտարարի, Լեռնային Ղարաբաղն է: Այդ մասին չորեքշաբթի օրը Ստոկհոլմում` Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովի ավարտին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մենք քննարկել են Անդրկովկասում առկա խնդիրները: Անկեղծորեն պետք է խոտովանեմ, որ մեր միջեւ տարաձայնությունները պահպանվում են, եւ դրանք հաղթահարել այդպես էլ չհաջողվեց: Իմ կարծիքով, սակայն, դիրքորոշումները հնարավոր է մերձեցնել, որպեսզի ի վերջո հնարավոր լինի կայունացնել այն բավական բարդ իրավիճակը, որն այսօր առկա է տարածաշրջանում: Նշեմ սակայն, որ համագործակցության լավ օրինակներ էլ կան: Մենք, մասնավորապես, քննարկել ենք այն գործընթացը, որ ծավալվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ` ուղղված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Այստեղ դրական տեղաշարժեր կան, եւ սա հենց այն օրինակն է, թե ինչպես ենք կարող համագործակցել: Ավելին, սա օրինակ է, թե ինչպես կարող էինք համագործակցել, եթե անցած տարվա հայտնի [վրացական] ագրեսիան չլիներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ղարաբաղյան կարգավորմանն ու հայ - թուրքական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված զարգացումներին անդրադարձել է նաեւ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը, ով չորեքշաբթի օրը ստանձնեց նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ղեկավարի լիազորությունները:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Ստրասբուրգում, ստանձնելով այս պաշտոնը, Քալմի-Ռեյն ասել է. - «Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում թե' Թուրքիան եւ թե' Հայաստանը կվավերացնեն արձանագրութունները: Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ - թուրքական մերձեցումը միմյանց հետ ֆորմալ առոմով շաղկապված չեն»:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը: Մյուս գործընթացը, որում որպես միջնորդ հանդես է գալիս Շվեյցարիան, նախատեսում է հայ - թուրքական հարաբերությունների բարելավում: Բնական է, որ գործընթացներից մեկում արձանագրվող առաջընթացը դրական է ազդելու մյուս գործընթացի վրա», - հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG