Մատչելիության հղումներ

logo-print

Սպանվել է Խոսրովի արգելոցի տնօրենը


Երեկ ուշ երեկոյան Երեւանում սպանվել է Խոսրովի արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանը:

Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Նոյեմբերի 19-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Արտաշատի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 1958 թվականին ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Սամվել Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել է: Զննությամբ ավտոմեքենայի հետեւի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք»:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, դեպքից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կարեն Պետրոսյանը։ Կարեն Պետրոսյանը ձերբակալված է։

Դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG