Մատչելիության հղումներ

logo-print

Գարեգին երկրորդը ցավակցական ուղերձ է հղել Սերբ ուղղափառ եկեղեցու պետի մահվան առիթով


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Սերբ ուղղափառ եկեղեցու սինոդի նախագահ, պատրիարքական տեղապահ Ամֆիլիքտին` Սերբ եկեղեցու պետ Պավլե պատրիարքի մահվան առիթով։

Վեհափառի ցավակցագրում, որը տրամադրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մասնավորապես, ասված է. - «Մեր ցավակցություններն ենք բերում Սերբ Ուղղափառ Եկեղեցու հոգեւորականաց դասին եւ ողջ հավատացյալ ժողովրդին, Սերբիայի հանրապետության իշխանություններին, երանաշնորհ հայրապետի մահվան առթիվ: Պավլե Պատրիարքը ապրեց եւ գործեց Եկեղեցու եւ Սերբ ժողովրդի պատմության համար վճռորոշ մի ժամանակաշրջան: Հակառակ աթեիստական տարբեր վարչակարքերի հալածանքներին ու փորձություններին` երանաշնորհ Հայրապետը անսասան կանգնեց իր հոտի կողքին, որպես հովիվ, եպիսկոպոս եւ Պատրիարք: Նրա սխրալից կյանքի օրինակը եւ թողած մեծ ավանդը` Բալկանյան երկրներում խաղաղության հաստատման, կրոնների երկխոսության եւ սերբ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանության գործում` ներշնչման աղբյուր են սերունդների համար»:

Պավլե պատրիարքի հուղարկավորության արարողություններին հանուն Ամենայն Հայոց կաթողիկոսության մասնակցելու է Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը:

Սերբ ուղղափառ եկեղեցու պետը վախճանվել է նոյեմբերի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG