Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 19-ի մամուլ


«Հոկտեմբերի 10-ին հաջորդած 1,5 ամսվա ընթացքում պաշտոնական Անկարան միջազգային ասպարեզում ինտենսիվ քարոզչության միջոցով կարողացել է հիմնավորապես նենգափոխել հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը», - պնդում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը Թուրքիան կամայականորեն շաղկապում է արձանագրություններում ոչ մի տեղ չհիշատակվող Ղարաբաղյան հիմնահարցի հետ։ Թուրքիայի բոլոր հավաստիացումները, որ այս հարցերը կապված են միմյանց, անտեսում են այն պարզ իրողությունը, որ ստորագրված փաստաթղթերում «Ղարաբաղ» անունը չկա։ Կարծում ենք, ճիշտ կլինի, որ մեր դիվանագիտությունը հայ-թուրքական «բանակցություններ» կամ «քննարկումներ» հասկացությունները հստակորեն տարանջատի իրավական առումով պարտավորեցնող «փաստաթղթեր» հասկացությունից»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Խնդիրը հետեւյալն է: Ադրբեջանն ասում է. «Մենք անպայման կհաղթենք, որովհետեւ մեր տանկերի թիվն օրեցօր մեծանում է», իսկ մենք պատասխանում ենք. «Գլուխներդ պատով կտաք, որովհետեւ մեր մարտական ոգին ավելի բարձր է»: Ընդ որում, մարտական ոգին գուցեեւ ավելի կարեւոր է, քան տանկերի քանակը: Բայց խնդիրն այն է, որ ինչքան ադրբեջանական բանակի տանկերի թիվն աճում է, այնքան էլ պիտի մեր «մարտական ոգին» աճի, որպեսզի հնարավոր լինի պահպանել ուժերի հավասարակշություն: Հարց է ծագում՝ արդյո՞ք մեր «մարտական ոգին» տարեկան 10-15 տոկոսով աճում է, եւ արդյո՞ք կարողանալու ենք առաջիկայում եւս պահպանել «աճի տեմպերը»: Ահա եւ ստացվում է, որ բանակցային գործընթացներում ժամանակ ձգելը ամենեւին էլ մեր օգտին չէ: Եթե հարցը պատերազմով է լուծվելու, ուրեմն ինչքան շուտ, այնքան լավ, իսկ եթե խաղաղության համաձայնագիր է ստորագրվելու՝ առավել եւս դա պետք է անել հնարավորինս արագ»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Գուցե Գագիկ Ծառուկյանը վաղուց էր ցանկանում փոխել իր սոցապնախարարին, գուցե Տիգրան Սարգսյան մանկուց էր երազում դառնալ Հանրապետական, գուցե Ռոբերտ Քոչարյանը անհամբերությամբ վառվում էր իր որսորդական արկածների մասին հանրությանը տեղեկացնելու առումով: Բայց հատկանշական է, որ այդ բոլորի համար հարթակ բացեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն՝ ըստ էության, բացելով սեփական քաղախարտերը՝ Տեր-Պետրոսյանը գրեթե բոլորին ստիպեց բացվել»:

«Կապիտալ»-ի հետ զրուցել է «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նա ասում է. - «Նոյեմբերի 11-ի ՀԱԿ-ի ակտիվի նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ես գնահատում եմ որպես շեղում Համաժողովրդական շարժման սկզբունքներից։ Ուստի նրանք, ովքեր համամիտ են այդ ելույթի բովանդակությանը, ավելի ճիշտ կլինի, որ լքեն Համաժողովրդական շարժման դաշտը։ Ես կրկին հավաստում եմ, որ «Հայ կամավորականների համախմբումը» հավատարիմ է մնում Համաժողովրդական շարժման սկզբունքներին։ Շարժման արդյունքում տասնյակ հազարավոր հայ քաղաքացիների ձեւավորած միակամությունը մենք երբեք չենք խաթարելու»։ Լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված Կոնգրեսի պասսիվությունը ներքաղաքական կյանքում, Սեֆիլյանը պատասխանում է. - «Պատճառները շատ են, օրինակ՝ մարտավարական ուղին, որն ընտրվեց մարտի 1-ից հետո։ Եթե ես հիմա սկսեմ պատճառները թվարկել, շատ երկար կտեւի։ Միայն ասեմ, որ, ըստ էության, մենք երբեք չենք կիսել մարտի 1-ից հետո որդեգրած նրա մարտավարական ուղին։ Մենք կողմնակից ենք եղել ավելի վճռական գործողությունների, որոնք, իհարկե, տեղավորվում են ժողովրդավարական փիլիսոփայության մեջ»։

«Հրապարակ»-ը շարունակում է քննարկել վարչապետի՝ Հանրապետական կուսակցության անդամ դառնալու թեման. - «Ազատական հայացքներ ունեցող վարչապետը մեկ օրում կտրուկ դարձավ պահպանողական: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչքան է Տիգրան Սարգսյանը հավատում կամ դավանում Հանրապետականի գաղափարախոսությանը, քանի որ նման խնդիր Հայաստանում ոչ ոքի չի հետաքրքրում: Հայաստանում դասական կուսակցությունների փոխարեն միայն քաղաքական խմբավորումներ կան: Վարչապետի կուսակցականացումը վերջնականապես փակեց քաղաքական ավելի լայն ընդգրկումով իշխանություն ձեւավորելու հարցը, քանի որ ի սկզբանե Տիգրան Սարգսյանի նշանակումը հենց այդպես էլ ընկալվում էր՝ ներքաղաքական գերլարված ճգնաժամային իրավիճակից հնարավորինս մեղմ ու անկորուստ դուրս գալու ճանապարհ: Սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, իսկ «ազգային փրկության» կառավարություն կազմելու գաղափարը՝ սպառված: Տիգրան Սարգսյանի կուսակցականացումը պետք է դիտել իշխանության կենտրոնացման տեսակետից: Սրանով նախագահն ու Հանրապետականը ազդարարում են իշխանության ողջ բեռը կրելու իրենց պատրաստակամությունն ու պատասխանատվությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG