Մատչելիության հղումներ

ԱԳՆ. «Հայ-թուրքական բանակցություններ այսօր չեն վարվում»


Թուրքիա - Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Բուրսայում, 14-ը հոկտեմբերի, 2009թ.

Թուրքիա - Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Բուրսայում, 14-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայ-թուրքական մերձեցման շրջանակում բանակցություններ այսօր չեն վարվում. ներկա փուլում դրանք ավարտված են եւ կողմերը սպասում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը։

«Բանակցությունները ավարտվել են շատ շուտ։ Բանակցություններ՝ հայ-թուրքական, չեն վարվում այսօր», - չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը՝ հավելելով. - «Հաջորդ քայլը ըստ այն ժամանակացույցի, որ հրապարակված էր արձանագրություններին կից՝ վավերացումն է։ Երբ որ վավերագրերը կփոխանակվեն, արդեն այլ զարգացումներ կսպասվեն ըստ ժամանակացույցի»։

Վերջին շրջանում բազմիցս կարծիքներ են հնչել այն մասին, թե ներկայումս առավել ակտիվ զարգացումներ են սպասվում Ղարաբաղի խնդրի շուրջ։ Մեկնաբանելով այսօրինակ գնահատականները, Տիգրան Բալայանը նշեց, որ ղարաբաղյան գործընթացում նկատվում է դրական դինամիկա։

«Ինչի մասին վկայում է այն, որ 1,5 տարվա մեջ 7 անգամ նախագահները հանդիպել են։ Եթե դինամիկա չլիներ, նախագահների հանդիպման անհարժեշտություն էլ չէր լինի», - պարզաբանեց արտգործնախարարության մամլո խոսնակը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության շրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ հայտարարել էին, թե հավանական է, որ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ նոյեմբերի վերջին` եվրոպական քաղաքներից մեկում։ Այդ առնչությամբ, Տիգրան Բալայանը միայն վերահաստատեց միջնորդների հայտարարությունը։

Այսօր ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ փոխանցեց. որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպելու են այս շաբաթավերջին Մյունխենում:

«Մոտավորապես կես ժամ առաջ Փարիզում պետք է հայտարարություն արվեր Ֆրանսիայի եւ նաեւ ֆրանսիական կողմը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի՝ որպես համանախագահներ, անունից, որ առաջիկա հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կայանալու է շաբաթվա վերջում Մյունխենում: Եվ դա ես կարող եմ հաստատել»:

Նալբանդյանը, մեկ անգամ էլ հերքելով հայ-թուրքական զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման միջեւ կապը, շեշտեց. - «Թուրքերը կարող են այդ փորձերը անել. բայց ո՞վ է կապելու, ո՞վ է թույլ տալու կապել: Ո'չ Հայաստանը, ո'չ Լեռնային Ղարաբաղը, ո'չ էլ միջազգային հանրությունը, հատկապես՝ եռանախագահները»:

«Թուրքիայի հավակնությունները դառնալու [Մինսկի խմբի] չորրորդ համանախագահ բացառված է, որովհետեւ առնվազն պետք է Ղարաբաղը եւ Հայաստանը դրան համաձայնություն տան, իսկ անգամ եռանախագահները դրա մասին բազմիցս արտահայտվել են, որ դրա մասին խոսք չի գնում», - նաեւ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG