Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը


Գեւորգ Պետրոսյան եւ Մխիթար Մնացականյան

Գեւորգ Պետրոսյան եւ Մխիթար Մնացականյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը չորեքշաբթի օրը հաստատեց տեղեկությունները, որ նախօրեին ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Գեւորգ Պետրոսյանը հրաժարականը պայմանավորեց իր առողջական խնդիրներով եւ պնդեց, որ որոշումն ինքն է ընդունել:

«Դա, իհարկե, իմ անձնական որոշումն է», - լրագրողներին ասաց նա: - «Մարդու առողջության պահպանման իրավունքը ամենակարեւոր իրավունքներից մեկն է: Իհարկե, դա օբեկտիվ պատճառ է¸ դրա համար էլ կուսակցության ղեկավարը ուրիշ արձագանք տալ չէր կարող¸ քան մտնել իմ դրության մեջ»:

Նախարարական այդ պորտֆելը վերապահված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս տարվա մայիսից պաշտոնը ստանձնած նախարարի հրաժարականը բացատրեց վերջինիս «փորձի բացակայությամբ»:

Գալստյանի խոսքով, Պետրոսյանը ուղղակի իրեն չի արդարացրել, կատարված աշխատանքները չեն գոհացրել «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

«Կուսակցությունում քննարկվում է նոր հավանական թեկնածություն առաջադրելու հարցը», - հավելեց Խաչիկ Գալստյանը: - «Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, բայց կան մի քանի թեկնածուներ: Ամենայն հավանականությամբ դա կլինի Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Մնացականյանը: Հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ պարոն Մնացականյանը այս ոլորտում երկարամյա գործունեության փորձ ունի, Կարմիչ Խաչն է երկար ժամանակ ղեկավարել, բազմափորձ է, ոլորտին քաջածանոթ է»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Մնացականյանը Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարն է, Հայկական Կարմիչ խաչ ընկերության նախագահը (2001 թվականից ի վեր):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG