Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք դպրոցականը Ֆրանսիայում պատժվել է Հայոց ցեղասպանությունը մերժելու համար


 Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

13-ամյա թուրք Մուսթաֆա Դողանը ֆրանսիական Նանսի քաղաքում ժամանակավորապես զրկվել է դպրոց հաճախելու իրավունքից` Հայոց ցեղասպանության ուրացման համար:

Պատմության գրավոր քննության ժամանակ 1915 թվականի իրադարձություններին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին ի պատասխան թուրք դպրոցականը, ով նախկինում վիճել էր ուսուցչի հետ այդ հարցի շուրջ, գրել է. - «Եթե նույնիսկ դա տեղի է ունեցել, նրանք արժանի էին դրան»:

Թուրքական «Զաման» թերթին Դողանը ասել է, թե ուսուցիչը սպառնացել է իրեն զրո նշանակել, եթե մերժի ցեղասպանությունը, մինչդեռ դա կարեւոր ավարտական քննություն է:

Քննությունից հետո դպրոցի ղեկավարությունը զանգահարել է Դողանի հորը եւ անհապաղ հանդիպում պահանջել` հայտարարելով, որ նրա որդին խախտում է ֆրանսիական օրենքը: Ի վերջո, կարգապահական կոմիտեն երկու օրով արգելել է Մուսթաֆա Դողանին դպրոց հաճախել` պահանջելով այդ երկու օրերի ընթացքում ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը:

Թուրքական պարբերականի վկայությամբ` դպրոցականին հանձնարարված գրավոր աշխատանքը պետք է վերնագրված լիներ «Օսմանյան կայսրության գործադրած Հայոց ցեղասպանությունը. հանցագործություն մարդկության դեմ»: Դողանից պահանջվում էր ուսումնասիրել այդ իրադարձությունների պատմական համատեքստը, ներկայացնել ցեղասպանության զոհերի թիվը, ինչպես նաեւ հանդիպել ցեղասպանությունից փրկվածների հետ:

«Զաման»-ը նշում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2006 թվականին Ազգային ժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, որը, սակայն, անցած երեք տարվա ընթացքում դեռ չի արժանացել Սենատի հավանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG