Մատչելիության հղումներ

Վարչական դատարանում սկսվում է Ոստիկանության դեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը


Այսօր Վարչական դատարանում սկսվում է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության դեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի բողոքի քննությունը:

Փաշինյանի շահերի պաշտպանը դատարանում վիճարկում է անձնագրային եւ վիզաների վարչության գործողությունները, որը հրաժարվում է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում բնակության տեղեկանք տրամադրել` պնդելով, որ անցած տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ` նա Հայաստանում չի բնակվել:

Հիշյալ տեղեկանքը անհրաժեշտ է հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Փաշինյանի թեկնածության գրանցման համար:

«Եթե օրինական դատական ակտ ակնկալելու լինենք, իհարկե, պետք է հայցը բավարարվի: Սակայն վաղուց արդեն մենք Հայաստանի Հանրապետության դատական համակարգին չենք վստահում եւ մեծ ակնկալիքներ չունենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լուսինե Սահակյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG